«Հարցը տվեք դատախազությանը. ես պատգամավորական մանդատի հետևում չեմ թաքնվում». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմում ենթադրաբար զոհված 10 զինծառայողների դիերը և 2 քարտեզ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցելու հարցին՝ գնահատեց գերիների, պատանդների հարցերով ստեղծված աշխատանքը: Նրա խոսքով՝ պատերազմից արդեն 2 տարի է անցել, նշված է եղել, որ ստեղծվել է հանձնաժողով՝ գերիների, պատանդների հարցերով հանձնաժողով, և միայն վերջերս են նկատել, որ հանձնաժողովի նիստն անցկացվել է ԱԱԾ-ում՝ տնօրենի գլխավորությամբ։

«Շուրջ 2 տարի այդ գործընթացն իրականացրել են հատվածական ձևով, յուրաքանչյուր գերատեսչությու՝ն իր մասով, բայց պետական հանձնաժողովը չի աշխատել։ Հիմա, գոնե մեկ ամիս է՝ սկսել են աշխատել այդքան քննադատելուց հետո։ Սա պետական կառավարման լուրջ բացթողում է»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, ԱԱԾ-ին պետք է հարցնել՝ արդյո՞ք ամբողջական են տեղեկությունները, արդյո՞ք հետախուզական, որոնողական աշխատանքներն ամբողջությամբ են իրականացվել, և արդյո՞ք այդ մարմնի մասերը, ոսկորները, որոնք փոխանցել են, վերջին պատերազմից է։ Եթե տեղեկություն ունեին դրա վերաբերյալ, ապա ինչո՞ւ մինչև այս պատերազմը՝  1994 թվականից սկսած, այդ մասերը չեն փոխանակվել։

«Մենք շաբաթ օրը եղել ենք Վարդենիսում, այցելել ենք զոհվածի ընտանիքի, որի մարմինը սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններից հետո մնում է  միջդիրքային հատվածում, և այն մինչև օրս չեն կարողանում հանել»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե ԱԺ քառօրյայում հնարավոր է՝ Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացնի իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար, Սեյրան Օհանյանն ընդգծեց.

«Այդ հարցը պետք է տալ դատախազությանը, ԱԺ ղեկավարությանը, որովհետև եթե նման գործընթաց կա, իրենք պարտավոր են տեղեկացնել պատգամավորին։ Ես նման տեղեկություններ չունեմ։ Երկրորդ՝ ես պատգամավորական մանդատի թիկունքում չեմ թաքնվում»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս