Ալեն Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարեւոր առաջնահերթությունների շարքում է: Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ»:
Նա նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամությունը հենվում է ընդհանուր արժեքների եւ պատմամշակութային ժառանգության վրա՝ հավելելով, որ քիչ առաջ ավարտված հանդիպումը հնարավորություն է տվել շարունակելու այս տարվա ապրիլին Երեւանում սկսված քննարկումները:
«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, տրանսպորտ, կապ եւ այլն: Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային եւ հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, եւ չնայած հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու օրակարգին` Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը եւ ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը: