«Ֆրանսիան կարծես ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից»․ Աբրահամ Գասպարյան
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆրանսիան կարծես ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից և գնդակը թողեց ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների դինամիկայի դաշտում։
Կամ սա՝ Փարիզ-Մոսկվա հարաբերությունների առաջխաղացման արտաուկրաինական հնարավորության դուռ է, կամ հերթական նավթագազային առևտրի հնարավորությունը բաքվի հետ։
Նկատենք՝
1․ Սենատի որոշումները պետական քաղաքականության, հատկապես՝ դիվանագիտական առումով համապարտադիր նշանակություն չունեն,
2․ Նախագահ Մակրոնը դժվար վավերացնի այն ու մոտեցումը դնի արտաքին քաղաքականության կոնցեպտուալ հիմքում,
3․ Բարոյական առումով սա առավելություն է Հայաստանի ու Արցախի համար, սակայն ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ նահանջ, քանի որ բաքուն, այսուհետև, նմանատիպ բարոյական ու իրական իրավունք կունենա ձերբազատվելու Ֆրանսիայի միջնորդական դերից ու ջանքերից, ինչի համար պայքարում է ավելի քան 20 տարի,
4․ Հայկական դիվանագիտությունը (եթե այդպիսին կա) պիտի աշխատեր Արցախի հարցում չեզոքացնել թուրքիայի՛ միջնորդական ջանքերը, ոչ թե անուղղակիորեն նպաստեր Ֆրանսիայի նման բարեկամ երկրի դիրքերի թուլացմանը»։