Հայ սամբիստներն աշխարհի առաջնությունում 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած սամբոյի աշխարհի 2022 թվականի առաջնությունում հայ մարզիկները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:
88 կգ քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Գրիգորյանը: Նախնական գոտեմարտերում նա առավելության է հասել ֆրանսիացի Ժան Դելոնսայի նկատմամբ (3:1), գրեթե հավասար պայքարում (1:1) հաղթահարել է վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը, ապա 5:4 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:
Ոսկե մեդալի համար Գրիգորյանը մրցել է աշխարհի եռակի չեմպիոն, ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբովի հետ, սակայն պարտություն կրելով՝ բավարարվել է արծաթե մեդալով:
Ավելի վաղ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մաքսիմն այս տարի բրոնզե մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:
Ղրղզստան էին մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, ինչպես նաև մարտական սամբոյի տղամարդկանց 7 քաշային կատեգորիաներում խաղարկվել է մեդալների 21 հավաքածու:
Առաջնությանը մասնակցել է ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ: Ռուսաստանը, Բելառուսը և Ֆրանսիան, համաձայն սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, հանդես են եկել FIAS դրոշի ներքո:
Սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ ներկայացել է նաև փախստականների հավաքականը՝ մեկ մարզիկով: Վենեսուելացի Մարիա Ամյուլինա Գեդեսը, ով փախստականի կարգավիճակով բնակվում է Ֆրանսիայում, դարձել է աշխարհի չեմպիոն:
Սամբոյի աշխարհի առաջնությունում, ընդհանուր առմամբ, ոսկե մեդալ է նվաճել 6 հավաքական: