Բաժիններ՝

Բժիշկներն անվանել են անսպասելի կապտուկների առաջացման պատճառները

Մարդիկ չեն զարմանում, երբ հարվածից կան ընկելուց հետո իրենց վրա կապտուկներ են առաջանում, սակայն ի՞նչ անել, երբ առաջանում են հեմատոմաներ, որոնց առաջացման պատճառը մենք չգիտենք։ Ինչի՞ մասին կարող են դրանք վկայել։ Այս հարցին պատասխանել է բժիշկ-թերապևտ, սրտաբան, էնդոկրինոլոգ Ալեքսեյ Ժիտոն «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի շրջանակներում բ.գ.թ. Տատյանա Շապովալենկոյի և Նատալյա Տարասովայի հետ զրույցում, shantnews-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Вести պարբերականը։

Արյունը «ջրիկացնող» դեղամիջոցներ

Ալեքսեյ Ժիտոյի խոսքով՝ երբեմն հիվանդներն ինքնուրույն են նշանակում հակակոագուլյանտներ, ինչը հանգեցնում է բարդությունների՝ կապտուկների։ Նրա կարծիքի հետ համաձայնել է Տատյանա Շապովալենկոն։ Բժիշկը նկատել է, որ որոշ մարդիկ ընդունում են ացետիլսալիցիլաթթուն՝ որպես ինֆարկտի կանխարգելման միջոց, թեև միշտ չէ, որ այդ դեղամիջոցն իրենց պետք է։ Ալեքսեյ Ժիտոն նշել է, որ ացետիլսալիցիլաթթվի ինքնուրույն կիրառումը խստիվ հակացուցված է։

Լյարդի հիվանդություններ

Լյարդի հետ կապված խնդիրների ախտանիշներից մեկը սպիտակուցային-սինթետիկ ֆունկցիայի խախտումն է։ Արդյունքում մարմնի վրա կարող են առաջանալ պետեխիալ արյունազեղումներ: Բժիշկը, սակայն, ընդգծել է, որ լյարդի հիվանդությունների դեպքում հիվանդներն առաջին հերթին ավելի ակնհայտ ախտանիշներ են ունենում, օրինակ՝ մարմնի դեղնություն, մաշկի քոր, ուժեղ այտուց, ուշադրության, հիշողության հետ կապված խնդիրներ։

Շաքարային դիաբետ

Տատյանա Շապովալենկոն նկատել է, որ շաքարախտն անոթային հիվանդություն է, որն ուղեկցում է անոթների փխրունությամբ, հետևաբար նաև հեշտ առաջացող կապտուկներով։ Մասնագետները խորհուրդ են տալիս լրջորեն վերաբերվել կապտուկներին՝ որպես ախտանիշի, և դիմել բժշկի:

Ուռուցքաբանական հիվանդություններ

Ալեքսեյ Ժիտոն նշել է, որ կապտուկների առաջացումը բնորոշ է արյան պաթոլոգիաներին՝ լեյկոզին։ Տատյանա Շապովալենկոն հավելել է, որ լայնածավալ հեմատոմաները կարող են վկայել լեյկոզի մասին։

«Հեմատոման տարածվում է մեծ մակերեսի վրա, պահպանվում է երկար ժամանակ և ցավ է պատճառում հիվանդին»,- ասում է մասնագետը։

Այսպիսով, եթե նկատում եք նման կապտուկներ, ավելի լավ է հնարավորինս շուտ պայմանավորվել բժշկի հետ և արյան անալիզ հանձնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս