Բաժիններ՝

Անհանգստության մեղավորը

Իրական կյանքը լի է մարդկային անդորրը խաթարող անհանգստություններով: Անհանգստության պատճառները բազմազան են, իսկ արդյո՞ք բազմազան են նաև աղբյուրները: Որո՞նք են անհանգստությունից դուրս գալու կամ ապագայում այն մեղմելու ճանապարհները: Եթե հետևենք սբ. Հովհան Ոսկեբերանի հոգեշահ ճառին, ապա խաղաղաբեր ելքերը գտնելով՝ համարձակ կընթանանք նրանցով դեպի խաղաղության Աղբյուրը՝ Աստված:

Երանելի հայրապետը ցավով նշում է, որ մարդիկ, անհանգստությունից դուրս գալու ոչ մի քայլ չձեռնարկելով, ընկնում են հուսահատության մեջ: Մեկն աղքատությունից է տառապում, մյուսը՝ հիվանդությունից, մեկ ուրիշը բազմաթիվ հոգսերից և տան վերահսկումից, հաջորդը՝ երեխաների դաստիարակությունից, մյուսն էլ՝ անզավակությունից: Ճառում, ընթերցողի ուշադրությունը հրավիրելով այս հանգամանքի վրա, հայրապետը նշում է, որ գրեթե բոլորը գանգատվում են ոչ մեկ, այլ տարբեր պատճառների և հանգամանքների առումով, և եթե նրանց գանգատների պատճառները բնական հանգամանքները լինեին, ապա միանման չէին տառապի հակադիր իրերի պատճառով: Եթե աղքատությունը չարիք է և այն էլ՝ անտանելի, ապա հարստության մեջ գտնվողը ոչ մի դեպքում չպետք է տառապեր: Կամ եթե անզավակությունն է չարիք, ապա երեխաներ ունեցողը մշտապես ուրախության մեջ պետք է լիներ:

Անհանգստության և աններդաշնակության մեղավորը 

Այժմ տեսնում ենք, որ տառապում են և՛ հարուստները, և՛ աղքատները, իսկ երբեմն հարստության մեջ գտնվողի համար տառապանքը հասնում է ավելի մեծ աստիճանի, քան աղքատի համար: Տրտմում են թե՛ իշխանություն վայելողները, թե՛ ենթակաները, թե՛ բազմազավակ երեխաների հայրը և թե՛ անզավակը, և այսպիսի աններդաշնակության մեղավորները համարվում են ոչ թե հանգամանքները, այլ նրանք, ովքեր չեն կարողանում դրանցից օգտվել ինչպես հարկն է՝ հեռացնելով իրենցից ամեն հուսահատություն:

Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է կոնկրետ ելք. եթե մարդու միտքը ճիշտ կրթվածություն ունենա, ապա մշտապես հանգիստ կլինի թե՛ ծովի վրա և թե՛ նավահանգստում, անգամ եթե բոլոր կողմերից անթիվ փոթորիկներ բարձրանան: Դա կարելի է դիտարկել մարմնի առումով․ նա, ով ամրացրել է իր մարմինը, ոչ միայն չի համբերի և չի դիմադրի դժվար իրավիճակներին, եղանակային անթիվ փոփոխություններին, այլ փոփոխական ջերմաստիճանին և վարժություններին սովոր լինելու շնորհիվ, նույնիսկ ուժերի աճ կունենա: Իսկ թույլ և վտիտ մարմին ունեցողը, թեկուզ և վայելի բարեհաճ եղանակը, ոչ մի օգուտ չի ստանա այդ լավ պայմաններից, քանի որ իր սեփական թուլությամբ դիմադրում է լավ եղանակի ազդեցությանը:

Նույնը կարող ենք տեսնել նաև այս օրինակով՝ մարսողության խնդիր չունեցողը կոպիտ կերակուր ուտելիս էլ խնդիր չի ունենա, իսկ առողջական խնդիր ունեցողի համար առողջարար սնունդն էլ վատ ազդեցություն կունենա: Այդպես և մարդը, երբ տեսնի իր գործերի մեջ աններդաշնակություն, թող չմեղադրի Աստծուն, թող չփորձի աշխարհի կառավարումը դևերին վերագրել, թող չհամեմատի աստվածային նախախնամությունն ինչ-որ ճակատագրի կամ բախտի բռնապետության հետ:

Այս ամենը լի է աստվածանարգությամբ և հիրավի հոգեկան խռովքն ու աններդաշնակությունը կախված է ոչ թե գործի ընթացքից, այլ հոգու տրամադրվածության հայտնի վիճակից, որը թեև վայելել է անսահման հաճելի հանգամանքների ընթացքը, բայց այդ ամենից ոչ մի օգուտ չի ստացել այնքան ժամանակ, քանի դեռ չի ուղղել նրանում առկա աններդաշնակությունն ու անկանոնությունը: Սա նման է նրան, ինչպես աչքը, եթե հիվանդ լինի, ապա պայծառ ցերեկն էլ կտեսնի որպես խավար և ոչ մի օգուտ չի ունենա արևի լույսից, իսկ եթե առողջ է և ամուր, ապա անգամ երեկոյան ի վիճակի կլինի անվտանգ պահել իր մարմինը: Նույնն է և մտքի աչքը, եթե առողջ է և ամուր, ապա զննելով իրերը՝ կտեսնի ներդաշնակությունը, իսկ եթե վնասված է, անգամ երկինք բարձրանալով էլ, կտեսնի աններդաշնակություն:

Ապա սբ. Հովհան Ոսկեբերանն այս հարցումներով հետևյալ օրինակներն է մեջբերում. մարդկանցից քանի՞սն են հանգիստ տանում աղքատությունը՝ չդադարելով Աստծուն շնորհակալություն հայտնելուց: Քանի՞սն են, հարստության և շքեղության մեջ ապրելով, շնորհակալության փոխարեն չարախոսում Ամենակարողին: Քանի՞սն են, դժվարություններ տանելով, մեղադրում համընդհանուր Նախախնամությանը: Քանի՞սը, որ թեև բանտում են, բայց խոհեմաբար են տանում իրենց չարչարանքները, քան նրանք, ովքեր ապրում են ազատության և անվտանգության մեջ: Տեսնո՞ւմ ես, որ ոչ թե բնական հանգամանքները, այլ մեր հոգեվիճակն ու սեփական միտքն է ծառայում թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում: Այդ պատճառով, եթե մենք հոգ տանեինք մեր հոգու մասին, ապա չէր լինի ո՛չ անհանգստություն, ո՛չ աններդաշնակություն, չէր լինի և ոչ մի սարսափելի վիճակ, թեև մեր կյանքի հանգամանքները տատանվեին ավելի ուժեղ, քան ծովի ամեն մի ալեկոծություն:

Սուրբը օրինակ է բերում սբ. Պողոս առաքյալին և հարց տալիս՝ ասա՛ ինձ, ինչո՞ւ է առաքյալը գոհաբանություն հայտնում Տիրոջը, թեև նա պատկանում է այն առաքինի մարդկանց թվին, ովքեր մեծ փորձությունների են ենթարկվել: Այնինչ սբ. Պողոս առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն և դա խորհուրդ է տալիս նաև մյուսներին, թեև նա տեսնում է, որ մարդկանցից շատերն ուրախանում են՝ ապրելով արատավոր ու զեխ կյանքով: Ապա հորդորում է՝ երբ տեսնես, որ արատավոր մարդն ուրախանում է, երբ տեսնես, որ նա մեծարվում է, որ թշնամիների հանդեպ իշխանություն ունի, վրեժ է լուծում իրեն վիրավորողներին, որ բոլորը պատվում և շողոքորթում են նրան, և դու ինքդ գտնվում ես ամբողջովին հակադիր վիճակում, որ քեզ զրպարտում են, չարիք նյութում քո դեմ, չմտածես, որ մերժվածների շարքում ես և նայելով առաքյալին, որ ենթարկվել է նույն բախտին, ինչ դու, ոգեշնչվի՛ր, վերականգնի՛ր մտքերդ և մի՛ ընկիր հուսահատության մեջ: Եթե տեսնես, որ ինչ-որ մեկն ապրում է արդար և բարեպաշտ կյանքով, բայց հյուծվել է հիվանդությունից, ապա քաջալերիր նրան, թեև նրան շրջապատել են անթիվ շղթաներ, թեև նա ապրել է բանտում, եղել է անարժան մարդկանց մոտ որպես ստրուկ՝ համբերելով մեկը մյուսից ավելի սարսափելի վիճակների: Երանելի է այդ մարդը, թեև խոցել են նրա աչքերը և մարմինն էլ մի փոքր հյուծվել է:

Իսկ եթե տեսնես մեկին՝ ծայրահեղ չարագործ և անբարո կյանքով ապրող, որ վայելում է մեծ պատիվ, հասնում է մինչև թագավորական գահի, կրում է ադամանդակուռ թագ, ծիրանի և իշխում է ողջ տիեզերքին, ապա այդպիսի մեկին դժբախտ համարիր, թեև նրան ենթարկվում է ողջ տիեզերքը: Իրականում, ի՞նչ օգուտ հարստության առատությունից, եթե նա առաքինությունների մեջ ամենաաղքատն է: Ի՞նչ օգուտ շատերին իշխելուց, երբ ինքն ի վիճակի չէ հաղթահարելու իրեն և իր սեփական կրքերը:

Եթե միայն մարդիկ իմանային, որ իրական կյանքում չկա այլ օգուտ առաքինությունից բացի, ապա երբեք չէին ապրի հուսահատության մեջ, երբեք չէին քաջալերի նրան, ում հարկ էր համարել դժբախտ և չէին համարի նրան դժբախտ, ում հարկ էր քաջալերել:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս