Ալիևի համար Պուտինն Արցախում ունի մահացու խաղաթուղթ. Կարեն Իգիթյան
2018 թվականին՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևին կիրթ և կառուցողական անվանող Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի նոյեմբերի 10-ին ուղիղ եթերով հեռարձակվող ՀՀ Կառավարության նիստի ընթացքում Ալիևի գործողությունները նմանեցրեց ահաբեկչական խմբավորումների գործողություններին։
«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ Քաիդա»-ին և «Իսլամական պետությանը»»,- ասել է Փաշինյանն ու հավելել.
«Ադրբեջանը նախապատրաստում է ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» անդամ Կարեն Իգիթյանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին անդրադառնալուց առաջ խորհուրդ տվեց ուշադրությունը սևեռել առանցքային նշանակություն ունեցող կարևոր հանգամանքի վրա և հիշել՝ Փաշինյանի կառավարության գլխավոր խնդիրը ներքին սպառման համար հայտարարություններ անելն է, ի հակադրություն նախորդ իշխանությունների, որոնք շեշտը դրել էին արտաքին հարաբերությունների, արտաքին աշխարհի և պետության անվտանգության ապահովման և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական բալանսի վերականգնման վրա։
«Այս իշխանությունը, երբ եկավ և 25 տոկոսով ռազմական ծախսերը կրճատեց, այդ գումարով ասֆալտ փռեց՝ մեր զինվորներին թողնելով առանց ՀՕՊ-երի, հետևապես, հիմա ինչ ասում է, իմ կարծիքով, ներքին սպառման համար է ասում, ինչը նպատակ է հետապնդում պահել սեփական իշխանությունը։ Հիմա ասում են, որ Ալիևը պատրաստվում է նոր ցեղասպանության՝ Արցախում։ Չեմ զարմանա, որ վաղը Փաշինյանը կգա և կասի՝ հենց դա կանխելու համար է, որ պետք է ստորագրեմ այս փաստաթուղթը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում։ Փաշինյանն ու նրա թիմակիցներն Ալիևի սպառնալիքներն ուղղում են դեպի ներքին դաշտ՝ հանրությանը հրամցնելով հետևյալը՝ կլինի պատերազմ, եթե մենք այս կամ այն չանենք։ Երբ Փաշինյանը խոսում է Արցախում ցեղասպանության նախապատրաստման մասին, հետո շարունակում, թե պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի կնքման, դա նշանակում է, որ ներկայացնելու է մի թուղթ, իբրև թե կախելու է պատերազմն ու ցեղասպանությունը՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին, բայց ամենավատն այն է, որ անգամ այդ փաստաթղթի ստորագրումով պատերազմը չի կանխվելու»,- ասաց Իգիթյանը։
Խոսելով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ վերջին շրջանում ծավալվող քննարկումների մասին՝ Իգիթյանը նկատեց. խաղաղապահների մնալ-չմնալը պայմանավորված է լինելու ոչ թե Ադրբեջանի, այլ բացառապես Ռուսաստանի ցանկությամբ և կարողություններով։
«Ռուսաստանը կարող է 2025 թվականին կանչել Ադրբեջանի նախագահին և ասել՝ խաղաղապահները երկարաժամկետ մնալու են Արցախում. եթե Ալիևը դրան դեմ լինի, ապա Պուտինն ունի մի խաղաթուղթ, որն Ալիևի համար մահացու է՝ Ռուսաստանը կասի՝ ուրեմն մենք կմնանք ԼՂ հրավերով, այսինքն՝ Ռուսաստանը կճանաչի Արցախը։ Ի դեպ, նշեմ, որ նման ոչ պաշտոնական քննարկում արդեն իսկ եղել է կողմերի միջև»,- ասաց Իգիթյանը՝ հիշեցնելով, եթե նախկինում Արցախի ճանաչումը ձեռնտու էր միայն հայկական կողմին, ապա հիմա դա կարող է բխել Ռուսաստանի շահերից՝ որպես Հարավային Կովկասում իր ռազմական ներկայությունը պահպանելու միակ տարբերակ։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում