Այսօր ոչ ոք չի խոսում Նախիջևանի մասին, չկա քննարկում, որ Նախիջևանը կարգավիճակ ունի. Արամ Օրբելյան
«Առաջին ֆունդամենտալ խնդիրը Խորհրդային Միության էության սխալ ընկալման մեջ է: Պետք է բոլորս հասկանանք, որ երկրորդ Հայաստանի Հանրապետություն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, գոյություն չի ունեցել, չկա և չի կարող գոյություն ունեցած լինել, որովհետև միջազգային իրավունքի տեսակետից եղել է մեկ Խորհրդային Միություն: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի եղել, և ԽՍՀՄ Հանրապետություններն անկախանալով՝ ինքնին չեն համարվում Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը չի կարող համարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ մի պարզ պատճառով, որովհետև այդպիսի սուբյեկտ գոյություն չի ունեցել: Բոլորը համարվել են ԽՍՀՄ իրավահաջորդ, բացառությամբ՝ Բալթյան երկրների:
«Պատերազմը չի ավարտվել: Մենք ունեցել ենք երկու հրադադարի փաստաթուղթ՝ 1994թ. մայիսի 11-12-ի փաստաթուղթը և 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մնացած բոլորը չփաստաթղթավորված հրադադարներ են»,- ասաց Արամ Օրբելյան:
Փաստաբանի խոսքով՝ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականությունից, պետք է հասկանալ, որ ՀՀ-ն տարածքային ամբողջականության սկզբունքը ճանաչել է այն պահին, երբ դարձել է պետություն, որովհետև դա պարտականություն է:
«Եթե մենք պայմանագիր ենք կնքում, անունն էլ դնում ենք «խաղաղության պայմանագիր», այն դեպքում, երբ ոնց որ թե հայ-ադրբեջանական պատերազմ էլ չունենք, այլ ունենք զինված ընդհարում և այն կարգավորելու խնդիր, և մեջը գրում ենք, որ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, կիրառվելու է Վիեննայի կոնվենցիան, ըստ որի՝ պետք է նայել տեքստը և այդ տեքստում դրված նպատակին»,- ասաց Արամ Օրբելյանը:
Միջազգային իրավունքի մասնագետը նշում է՝ շատ կարևոր է հասկանալ, որ իրավական արգումենտից բացի, կա աշխարհաքաղաքական արգումենտ, և եթե այդ թեման փակվեց, այն այլևս չի բացվելու:
«Եթե ուշադիր նայենք, ոչ ոք չի խոսում Նախիջևանի մասին: Չկա, քննարկման առարկա չի: Մաքսիմում բարձրացնում ենք Ջուղայի խաչքարերի վերացման հարցը: Էլ քննարկում, որ Նախիջևանը կարգավիճակ ունի, որը նախատեսված է միջազգային փաստաթղթերով, չկա: Պետք է հասկանալ՝ ցանկացած թեմայի վերջնական փակում էլ չի բերելու այդ թեմայի բացմանը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Անդրադառնալով ներպետական գործընթացներին՝ իրավունքի մասնագետն ասաց, որ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրն առանձին փաստաթղթեր չեն, բայց կապը հակառակն է: Ոչ թե Սահմանադրությունն է Անկախության հռչակագրին իրավական ուժ տալիս, այլ հակառակը, որովհետև Անկախության հռչակագրում շատ ուղիղ նշված է, որ Սահմանադրության և դրա փոփոխությունների մշակման համար հիմք պետք է հանդիսանա այս փաստաթուղթը:
«Անկախության հռչակագիրը կանխորոշում է Սահմանադրությունը: Այն, ինչ տեղի է ունենում, ուղղակիորեն հետքայլ է Անկախության հռչակագրից»,- ասաց Արամ Օրբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում