Խոստանում ենք վերադառնալ. դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին և դիրիժոր Շառլ Դյութուան համերգով հանդես կգան Երևանում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկիի և Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Շառլ Դյութուայի համերգը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիա ստեղծագործությունները:

Շառլ Դյութուան, որն ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է, նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 15 տարի առաջ որպես զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: Նա առաջին անգամ է Հայաստանում նվագախումբ ղեկավարելու: «Նվագախումբը հրաշալի է, քաղաքը շատ գեղեցիկ է: Այստեղ հաճախ ես հանդիպում ժպտերես ու երջանիկ մարդկանց: Ինձ համար հաճելի է ելույթ ունենալ այս ֆանտաստիկ դաշնակահարի՝ Նիկոլայ Լուգանսկիի հետ, որի հետ հաճախ ենք հանդես գալիս, սակայն համավարակի պատճառով չէինք հանդիպել շուրջ երկու տարի»,-նշեց դիրիժորն ու հավելեց, որ Երևան է ժամանել տիկնոջ հետ, որը ջութակահար է ու սիրով է կատարում Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին բարձր է գնահատում աշխարհահռչակ հայ կոմպոզիտորներին, մենակատարներին: «Արամ Խաչատրյանն իմ սիրած կոմպոզիտորներից է, չեմ կարող չհիշել նաև Բաբաջանյանին, Տերտերյանին, որոնց գործերը շատ հետաքրքիր են: Մոսկվայում շատ են հայ երաժիշտները, որոնց հետ համագործակցում եմ: Նրանցից են թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Բաբայանը, որը ֆանտաստիկ դաշնակահար է»,-ընդգծեց Լուգանսկին:

Նա պատմեց, որ իր ծնողները երաժիշտներ չեն, սակայն շատ են սիրել երաժշտություն: Ընտանեկան լեգենդի համաձայն՝ երիտասարդ տարիքում Լուգանսկիի մայրը դաշնակահարի հորը հրավիրել է Մոսկվայի մեծ թատրոն՝ ունկնդրելու Վերդիի «Տրավիատա» օպերան: Դաշնակահարի հոր ամենասիրելի օպերան հենց «Տրավիատա»-ն է եղել, և նրան այնքան է տպավորել այն, որ երիտասարդ աղջիկն իրեն հրավիրել է դիտելու այդ օպերան, որ որոշ ժամանակ անց նրան ամուսնության առաջարկություն է արել: «Ինքս դժվարանում եմ ասել, թե որ ստեղծագործությունն է ինձ շատ ոգևորել ու կարևոր որոշումներ կայացնելու առիթ տվել, սակայն հիշում եմ, որ իմ կյանքում կար մի շրջան, երբ ընկճված էի: Հենց այդ ընթացքում ունկնդրում էի Սիբելիուսի 7-րդ սիմֆոնիան, ինչն ինձ երջանկացնում էր»,-ասաց նա:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմնայնն էլ ընդգծեց, որ Դյութուան և Լուգանսկին այն բարձրակարգ երաժիշտներն են, որոնց երկար տարիներ ցանկացել են հրավիրել Հայաստան: «Կարծում եմ՝ աշխարհի ցակացած նվագախմբի համար մեծ պատիվ է նման արտիստների հետ աշխատելը, և ես երջանիկ եմ, որ նրանք Հայաստանում են»,-շեշտեց նա:

Թե՛ Դյութուան, թե՛ Լուգանսկին խոստովանեցին, որ սիրում են Երևանն ու խոստացան վերադառնալ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է եղել Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս