Բաժիններ՝

«Ջերմուկում տուրիստական նախկին հոսքը  չունենք, բայց հանգստացողներ կան». Վայոց ձորի մարզպետ

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը դժվարացավ ասել՝ Ջերմուկի հատվածում թշնամու զինվորների դիեր կա՞ն, թե՞ ոչ։

«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, կարծում եմ՝ Ջերմուկի ձորը, որը մեզ համար տեսանելի է, թե լինեին դիեր՝ կտեսնեինք, եթե ավելի խորն են, չեմ կարող պատասխանել»,- նշեց մարզպետը։

Հարցին՝ կա՞ն հայ զինվորների մարմիններ  այս պահին դեռևս թշնամու վերահսկողության տակ գտվող տարածքում, Վայոց ձորի մարզպետը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ այս պահին անվտանգության մարմինները, նաև ՊՆ-ն փոխադարձ պայմանավորվածությամբ ուսումնասիրել են ամբողջ տարածքը՝ որևէ բան չեն հայտնաբերել։

«Նաև այն տարածքն են ուսումնասիրել, որտեղ իրենք են, փոխադարձ համաձայնությամբ»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Արարատ Գրիգորյանը նաև ասաց, որ սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակումից հետո, բնականաբար, Ջերմուկում բնականոն կյանքը փոխվել է, քանի որ հարձակումից հետո Ջերմուկը՝ որպես հանգստի վայր, «անակնկալի» է եկել։

«Ագրեսիվ պատերազմ է սկսվել Հայաստանի դեմ, որի արդյունքում հրետակոծվել է Ջերմուկ քաղաքը, դրա մասին ՊՆ-ն տեղեկություններ է տվել։ Այս ամենը չէր կարող չանդրադառնալ խաղաղ պայմաններում ապրող ժողովրդի վրա։ Այս ժամանակահատվածում, թիվ չնշեմ, բայց հազարավոր մարդիկ տեղափոխվել են Վայոց ձորի և հարակից մարզերի տարածքներ, ապահով վայրեր։ Այդ ընթացքում Ջերմուկում հանգստանում էին մեծ թվով զբոսաշրջիկներ, նրանք իջեցվել են ապաստարաններ, որից հետո նրանց ստվար զանգվածը լքել է քաղաքը։

Մոտ մեկ ամիս կլինի, որ Ջերմուկում բնականոն կյանքը վերականգնվում է, փուլային վերականգնվում է։ Ջերմուկում տուրիստական նախկինի նման հոսք  չունենք, բայց հանգստացողներ կան, հյուրանոցների 40 տոկոս ծանրաբեռնվածություն կա»,- նշեց Արարատ Գրիգորյանը։

Մարզպետի տեղեկացմամբ՝  ճոպանուղին դեռևս չի գործում։

Տեսանյութեր

Լրահոս