Իբրահիմ Քալընի և Արարատ Միրզոյանի խոստովանությունը. ե՞րբ սպասել հայ-թուրքական «արդյունքների»

Թուրքիայի նախագահի խոսնակ, ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում խոսել է հայ-թուրքական, այսպես կոչված, նորմալացման գործընթացի մասին։

Նա հանդես է եկել ուշագրավ խոստովանությամբ՝ հայտարարելով, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը եղել է իբրև թե «Ղարաբաղի բռնազավթումը», իսկ հիմա, երբ «բռնազավթումն ավարտվել է», արդեն վերացել է իրենց կայացրած այդ որոշման պատճառը։

Այսինքն՝ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը խոստովանել է, որ եթե նույնիսկ 2020 թվականից Թուրքիան ուներ նախապայման, ապա ներկայումս այդ նախապայմանը վերացած է, ու Թուրքիան դեռ չի բացել հայ-թուրքական սահմանը:

Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցերին, թե գործընթացն այդուհանդերձ ընթանալու է Ադրբեջանի հետ զուգահեռ, և որն է վերջին իրավիճակն այդ ուղղությամբ, Իբրահիմ Քալընը նշել է, որ երկու գործընթացներն էլ այժմ ավելի դրական ու ավելի հուսադրող հունով են առաջ ընթանում։

Նա մասնավորապես հիշեցրել է երկու երկրների արտգործնախարարների և հատուկ ներկայացուցիչների համաձայնությունը՝ 3-րդ երկրի քաղաքացիների համար սահմանների բացման և օդային բեռնափոխադրումների, օդային երթևեկության բացման հարցում։

«Մենք էլ ցանկանում ենք, որ այդ գործընթացն առաջ ընթանա, գիտենք, որ հայկական կողմն էլ այդ հարցում բարեմիտ, կառուցողական դիրքորոշում ունի։ Ադրբեջանի հետ ևս այդ գործընթացի դրական կերպով շարունակմանը մենք աջակցում ենք, խրախուսում ենք, և միաժամանակ Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ողջ Հարավային Կովկասին մեծ հանգստություն է բերելու։ Տա Աստված, տեսնենք այն օրը, որ մեր հարաբերությունները կարգավորվել են, սահմանը բացել ենք, սահմանային առևտուր, գնալ-գալ կա և այլն»,- ասել է Քալընը։

Նախօրեին էլ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով պատգամավորների հարցերին, նշել էր, թե Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է:

«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում: Այնուամենայնիվ, այս հայտարարություններին զուգահեռ՝ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, առաջին հերթին՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում, բայց նաև այդ մակարդակից դուրս՝ մասնագիտական որոշակի ներգրավվածությամբ»,- ասել է Միրզոյանը:

Սրանով ըստ էության Արարատ Միրզոյանն էլ իր հերթին խոստովանում է, որ չնայած կան նախապայմաններ Հայաստանի համար, Հայաստանն ընդունել է «խաղի այդ կանոնները» և շարունակում է բանակցել Թուրքիայի հետ:

168.am-ի տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա նորություններից մեկը լինելու է այն, որ բանագնացների միջև գործընթացը Բրյուսելից և Մոսկվայից տեղափոխվելու է Երևան ու Անկարա, ինչին Անկարան ձգտում էր գործընթացի հենց մեկնարկային փուլից:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ թուրքական կողմն իր հայտարարություններով հասկանալի է դարձնում, որ կախվածություն ունի Ադրբեջանի դիրքորոշումներից և հատկապես հայ-ադրբեջանական օրակարգի առաջընթացից:

Ըստ նրա, եթե այս ուղղությամբ մինչև տարեվերջ ինչ-որ առաջընթաց գրանցվի, ապա հայ-թուրքական հարաբերությունների հարցում նորությունները ևս սպասեցնել չեն տա:

Նրա կարծիքով, ըստ էության, հայ-թուրքական բանակցություններում մնացել են տեխնիկական հարցեր, որոնք քննարկվում են:

«Թուրքիան սպասում է, մինչ Հայաստանն ու Ադրբեջանն իրար մեջ կբանակցեն հիմնական հարցերը և կհանգեն որակի լուծումների, կոնսենսուսի: Ներկայումս թեև բանակցությունները շարունակվում են, բանակցային միջնորդները ևս մի քանիսն են, ինչպիսին ՌԴ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Վրաստանը, բանակցությունների համաձայնեցման ենթակա հարցերը մի քանիսն են, շտապում են Արևմուտքը, Ադրբեջանը, Հայաստանը ևս փորձում է լուծել, բայց փնտրել քիչ ցավոտ լուծումներ, սակայն Ադրբեջանը՝ որպես հաղթած կողմ, ավելի դժվար է կոմպրոմիսների գալիս: Դժվար է նաև այսօր հստակեցնել, թե ով է լինելու ապագա պայմանավորվածությունների, գլխավոր համաձայնությունների երաշխավորն ու միջնորդը, ում ետևից գնալու են կողմերը:

ԵԱՀԿ ՄԽ տապալումը և աշխարհաքաղաքական մթնոլորտի ներկայիս լարվածությունը միջնորդների հարցում բարդ իրավիճակ են ստեղծել, քանի որ ՌԴ-ն, թեև ներկայումս թուլացած է, նախկին բոլոր պայմանավորվածությունների ակունքում է, ռեգիոնում ունի ազդեցություն, իսկ Արևմուտքն անընդհատ տարբեր մեխանիզմներով փորձում է այդ ազդեցությունը կտրել և կողմերին պահել արևմտյան դաշտում, ինչը դեռևս լիովին չի հաջողվում, քանի որ հակամարտությունն ունի իր պատմությունն ու տրամաբանությունը:

Շատ բարդ է այն դուրս բերել ավանդական մեկ «ափսեից»՝ տեղափոխելով մեկ այլ «ափսե», երբ Ռուսաստանն ունի տեղում ռազմական ներկայություն»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվությունը ևս այս փուլում իր ազդեցությունն ունի կողմերի վրա:

«Իրանը մեծ ոգևորությամբ չի ընդունում ԵՄ-ի, ԱՄՆ-ի ակտիվությունը, հատկապես ներկայումս կա մեծ լարվածություն ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Կարծում եմ՝ Իրանը չի ողջունելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ Բրյուսելում շարունակել բանակցությունները, ԱՄՆ-ին իր հերթին՝ չի գոհացնում Իրանի ներգրավումը Հարավային Կովկասում զորավարժությունների, քաղաքական ներկայության ավելացման տեսքով: Տեսնում ենք, որ գործընթացում խաղացողները չափազանց շատ են, խաղադրույքները բարձր են, տարածաշրջանը վերածվել է աշխարհաքաղաքական մրցակցության երկրորդ թեժ օջախի, որը և՛ վտանգավոր է ռեգիոնի համար, և՛ կարող է օգտակար լինել ճիշտ դիվանագիտության դեպքում:

Այնուամենայնիվ հայ-ադրբեջանական այս բազմաթիվ միջնորդներով ու խաղացողներով գործընթացը կարող է երկարաձգվել՝ դրանով իսկ երկարաձգելով հայ-թուրքական արդյունքները, քանի որ հայ-թուրքական գործընթացն ըստ էության հայ-ադրբեջանական օրակարգի պատանդն է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս