Իրանը փորձում է փոխել Հարավային Կովկասում արևմտյան խաղի կանոնները
Սոչիի եռակողմ բանակցություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց կատարեց Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել էր ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, բանակցություններից առաջ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Էբրահիմ Ռայիսին, մասնավորապես, նշել է. «Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար:
Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է: Տարածաշրջանի համագործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ` այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում, և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք»:
Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ: Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում: Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի, և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր»:
Հայ-իրանական հարաբերություններում վերջին ամիսների բոլոր զարգացումները տեղի են ունենում անսպասելի՝ իրավիճակի ազդեցության ներքո, ինչպես վերջերս ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի այցն էր Հայաստան հոկտեմբերի 20-ին, որի շրջանակում հաջորդ օրը Կապան քաղաքում բացվեց վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվորեն քննարկվող և սպասվող ԻԻՀ գլխավոր հյուպատոսարանը: Անմիջապես Սոչիից հետո կարճատև այցն Իրանի Իսլամական Հանրապետություն ևս պատահական չէ և ամենայն հավանականությամբ կապ ունի այն ինտենսիվ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որոնք ծավալվում են Հայաստանի շուրջ:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հայ-իրանական հարաբերություններից սկսում է դաշնակցության «հոտ» գալ, փոխվել է Հարավային Կովկասը պատերազմից հետո, Իրանի համար սպառնալիքների դաշտն ընդլայնվել է, այս ճանապարհին Հայաստանի նշանակությունն ու ՀՀ անվտանգության կարևորությունն էապես բարձրացել է Իրանի համար:
«Ուստի հարցերը դրվում են այնպես, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Իրանական քաղաքականությունը՝ փափուկ ու կոշտ ուժը, ներթափանցել են Հարավային Կովկաս, ու Իրանի հետ հաշվի չնստել ևս չի հաջողվի: Սոչիում կայացած բանակցություններն Իրանում քննարկելը նշանակում է, որ ցանկացած քննարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ունենա Իրանի համաձայնությունը կամ արտոնությունը: Արևմուտքի համար հստակ ուղերձներ կան, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից։ Այսինքն՝ Իրանի համար ընդունելի է ՌԴ միջնորդությունը, սակայն անընդունելի է Արևմուտքի ակնհայտ ակտիվությունը: Իրանի այս դիրքավորումն ակնհայտորեն օգնում է նաև Ռուսաստանի քաղաքականությանը:
Ռուսաստանն օբյեկտիվորեն ունի խնդիրներ, որոշակի թուլացած դիրքեր, և Իրանի ակտիվությունը որոշակիորեն փոխհատուցում է այդ բացը: Մյուս կողմից՝ Իրանի այս քաղաքականությունը Հայաստանին թույլ չի տալիս մոռանալ, որ շատ պետք չէ տարվել Արևմուտքով։ Այսինքն՝ Հայաստանի արևմտյան նկրտումների ճանապարհին Իրանը ետ պահող լուրջ գործոն է, այս դեպքում սա ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի վրա: Ադրբեջանի համար Իրանի ներգրավումը խնդիրներ է ստեղծում, քանի որ Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական գործողությունների վերաբերյալ, արտահայտվել ի օգուտ տարածքային ամբողջականության, ինչպես նաև ենթադրաբար Իրանը չի ողջունում, որ համաձայնագիր կնքվի Արևմուտքի հովանու ներքո: Այսինքն՝ Իրանը դառնում է իրավիճակի վրա ազդող, իրավիճակն ուղղորդող խաղացող, որից խուսափելը շատ բարդ է լինելու»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
Նրա կարծիքով, Հայաստանի համար ևս դա բարդ է անելը, քանի որ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի, իսկ Իրանն իր դիրքորոշումներով այսօր արտահայտվում է ի շահ ՀՀ անվտանգության, ուստի, այսպես թե այնպես, Իրանը սկսում է փոխել խաղի կանոնները, քանի որ տեղում կոնկրետ ազդեցություն ունեցող երկիր է, ոչ թե դիտորդ:
Իր հերթին իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ուրախալի փաստ է, որ հայ-իրանական քաղաքական հարաբերություններում աշխարհաքաղաքական ցնցումների օրերին նոր խորություններ են երևակվում: Ըստ նրա, հարաբերություններում կան փոփոխություններ, սակայն դրանք ինչ-որ պահի կարող են մարտահրավերների հանդիպել, քանի որ ռեգիոնալ անվտանգային ու քաղաքական իրավիճակը չափազանց փխրուն է՝ ինչպես տեղում, այնպես էլ աշխարհում:
«Բացի այդ, հասկանալի է նաև, որ ԱՄՆ-ին և հավաքական Արևմուտքին դուր չի գալիս Իրանի այսչափ ու վերջին տասնամյակների համար աննախադեպ ակտիվությունն այս ուղղությամբ, դա արդեն իսկ մարտահրավեր է, սակայն կարող են լինել էլ ավելի մեծ մարտահրավերներ, որոնց նպատակը լինի փորձել Իրանի հաստատակամությունն ու վճռականությունը, դա կլինի իսկապես լուրջ փուլ ու ջրբաժան: Մինչ դա Իրանը փորձում է կարևոր քննարկումներից դուրս չմնալ, մասնավորապես, խոսքը Հայաստան-Ադրբեջան հաշտության պայմանագրի քննարկումների մասին է, քանի որ դա անմիջականորեն վերաբերում է Իրանի հարևանությանն ու անվտանգությանը: Իրանն իր ներկայությունը ևս մեկ մակարդակով ավելացրել է, ձևավորելով հյուպատոսություն ու ստիպելով տարածաշրջանին հաշվի նստել Իրանի կարմիր գծերի հետ, սակայն իրավիճակը բարդ է նաև Իրանի համար՝ թե Արևմուտքից, թե ռեգիոնից: Սակայն Իրանը չի ցանկանում լինել այն նույն կարգավիճակում, ինչ 44-օրյա պատերազմից հետո, քանի որ Իրանը հայտնվեց լիովին լուսանցքում: Այսօր դա այլևս հնարավոր չէ»,- ասաց նա: