Վիճաբանության ընթացքում կրակահերթ է արձակել՝ համածառայակցին պատճառելով մահացու վնասվածք. պահեստազորային շարքային զինծառայողը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022 թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: