Օտարերկրացու հեռախոսը գողացած 17-ամյա պատանին ձերբակալվել է
Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում անհայտ անձը խփել է մի օտարերկրացու և հափշտակել նրա բջջային հեռախոսը: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբը: Տուժողը տվեց հաղորդում: Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, անցկացվեցին զրույցներ նրա և հնարավոր ականատեսների հետ: Սակայն օրվա մութ ժամին շատ բան մնացել էր աննկատ, և իրավապահներին չհաջողվեց ստանալ օգտակար տեղեկություն:
Նախաձեռնվեց քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օրեր տևած միջոցառումների արդյունքում պարզվեց, թե ով կարող էր կատարած լինել ավազակությունը: Հոկտեմբերի 24-ին, երեկոյան ժամը 6-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները 17-ամյա պատանուն հայտնաբերեցին մայրաքաղաքի Աբովյան փողոցում, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալեցին ու տեղափոխեցին բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց հափշտակած բջջային հեռախոսը:
Երևանի Ջահուկյան փողոցի բնակիչ պատանին ներկայացվել է տարածքային քննչական մարմնին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: