Հայաստանում մինչև տարեվերջ բացվելու է «ArmSat-1» արբանյակի կառավարման կենտրոն
Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի կառավարման կենտրոնը կբացվի մինչև այս տարվա վերջ։ Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
«Մեր արբանյակը նախատեսվածի պես թռնում է տիեզերական տարածությունում և պլանավորված թեստային գործողություններ է անցնում։ Այս պահին կարող եմ ասել, որ այդ գործողությունները տեղի են ունենում ժամանակացույցից մի փոքր արագ, թեստավորումը մեր սպասածից ավելի դրական զարգացում ունի։ Ինչ վերաբերում է արբանյակի հետ կապված կառավարման կենտրոնին և մյուս ենթակառուցվածքներին, ապա նույնպես վստահություն եմ հայտնում, որ նախատեսած ժամանակացույցից շուտ այն կունենանք։ Այսինքն՝ մինչև տարվա վերջ»,- պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին՝ ասաց Ավետ Պողոսյանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ ֆինանսական միջոցները հատկացված են, որոշումները կան, և մինչև տարվա վերջ Հայաստանում կլինի արբանյակի կառավարման կենտրոն։
«Հատկացումները կան, աշխատանքները հենց հիմա էլ ընթացքի մեջ են։ Տարեվերջից մի փոքր էլ շուտ բոլորս բացմանը ներկա կգտնվենք»,- եզրափակեց Պողոսյանը։
Հայաստանի առաջին արբանյակը «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։ Նշվում է, որ «ArmSat-1»-ի հաղորդած տեղեկությունները հասանելի են լինելու միայն Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SANTLATIS» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։
ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ: