«Ներկայի պատերազմները կամ տեխնոլոգիապես զարգացած երկրներն են ունակ վարել, կամ հարուստները». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանի հեռահար հրթիռները պակասել են: Պատճառը դրանք կառավարող տեխնոլոգիաներն են, մասնավորապես և հատկապես չիպեր կոչվածները, որոնք սանկցիաների հետևանքով չեն կարողանում ներկրել: Ի դեպ, աշխարհի բարդագույն չիպերի հայրենիքը Թայվանն է, որի շուրջ «կռիվ է գնում» ԱՄՆ և Չինաստանի միջև, որտեղ արտադրվում է աշխարհի պահանջարկի շուրջ 90 տոկոսը:
Ռուսները վիճակից ելք գտել են իրանական կամիկաձե դռոններ առնելով, որոնց տեղատարափ է այս օրերին՝ հատկապես Կիևի վրա:
Դրանց գինը ընդամենը 20 հազար դոլար է, սակայն դրանք կրում են 40 կիլո պայթուցիկ, երկար ժամանակ կարող են օդում կախված մնալ և հետևել թիրախին ու մեծ վնաս են պատճառում. Նաև դժվար են տեղորոշվում միջին կարգի ՀՕՊ-երի կողմից:
Համաձայն արևմտյան ռազմական փորձագետների իրանի զենքերը բարձր տեխնոլոգիական չեն, սակայն լավ կիրառական են լայնամասշտաբ պատերազմներում, քանի որ լավ էժան են:
Համեմատության համար թուրքական բայրաքթար կոչեցյալը (որը իհարկե կամիկաձե դռոն չէ) շուրջ 2 միլիոն դոլար արժե:
Այս համատեքստում կրկին հարցեր են ծագում, թե ինչու է Հայաստանը գնում հնդկականը (համաձայն հայտարարության), սակայն ոչ՝ իրանականը: Ու նաև այս հարցերի շրջանակը ավելի է խորանում, երբ պարզվում է, որ 2023 թվականի պետական բյուջեի նախագծում ռազմական ծախսերի թիվը գրեթե նույնն է ինչ այս տարի՝ 2022-ին:
Ներկայի պատերազմները կամ տեխնոլոգիապես զարգացած երկրներն են ունակ վարել, կամ հարուստները (նրանք, որ միջնաժամկետում անսպառ ռեսուրսներ ունեն, որ մեծ պահանջարկ են վայելում), օրինակ Սաուդիան Արաբիա»: