Բաժիններ՝

Հակոբավանքը վերականգնելով` կհաղթենք մշակութային «պատերազմում». կայացավ «Ս․ Հակոբավանքի և Քոլատակ գյուղի զարգացումը խորագրով» համաժողովը

Արցախի Սուրբ Հակոբավանքի վերականգնման և Քոլատակ գյուղի զարգացման համար պահանջվում է 1 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 25 հազար դոլարն արդեն հավաքվել է, որով հնարավոր է սկսել վանական համալիրի 1 եկեղեցու շինարարությունը։ Այս մասին «Ս․ Հակոբավանքի և Քոլատակ գյուղի զարգացում» խորագրով համաժողովին հայտնեց ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանը։

«Վերականգնելով Ս. Հակոբավանքը՝ մենք պաշտպանում ենք մեր ինքնությունը և աշխարհին ներկայանում ենք համաշխարհային մշակույթի կարևոր մասը կազմող մեր ժառանգությամբ: Քոլատակը դարձնում ենք նոր տուրիստական ուղղություն, որի շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն Արցախում: Արցախում ինքներս մեզ նվիրում ենք հոգևոր ու մշակութային կենտրոն»,- նշեց Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ թշնամին պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, թե Հակոբավանքը աղվանական է։ Հարությունյանը շեշտեց՝ Հակոբավանքը վերականգնելով` կհաղթենք մշակութային «պատերազմում»: Ծրագիրը նախաձեռնել է Արցախի կառավարությունը և Արցախի թեմը` Վրթանես Սրբազանի գլխավորությամբ։ Ծրագրին միացել են հիմնադրամներ, կազմակերպություններ և ուղղակի անհատներ:

«Ամբողջ վանական համալիրը վերականգնելու համար անհրաժեշտ է 1 մլն ԱՄՆ դոլար։ Համալիրի ներսում գտնվող 3 եկեղեցու վերականգնման համար կարող է 350 հազար ԱՄՆ դոլարը բավականացնել։ Ներկա պահին ծրագրի համար 20-25 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքվել: Արցախի կառավարությունը խոստացել է այդ գումարը հասցնել մինչև մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի։ Այսպիսով կկարողանանք առաջին եկեղեցու շինարարությունը սկսել»,- նշեց ծրագրի համակարգողը։

«ռեԱրմենիա» համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը նշեց, որ դրամահավաքն իրականացվում է իրենց հարթակում: Նախագիծը հարթակում ներկայացվել է դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին՝ որպես համագործակցության նախագիծ, այնուհետև ձևավորվել է դրամահավաքի արշավ: Նախագծին գումար հանգանակելու համար գործում է հետևյալ հղումը:

«Մոտ ապագայում` դեկտեմբերի 15-ին հաջորդող շաբաթ օրը (Սուրբ Հակոբի մահվան օրն է) նախատեսվում է մոտ 200 հոգանոց խմբով ուխտագնացություն դեպի Հակոբավանք, որը կլուծի իրազեկման խնդիրը»,- նշեց Պողոսյանը։

Արցախի թեմն ու Արցախի կառավարությունը նախաձեռնել են Հակոբավանքի վերականգնման գործընթացը մի քանի տարի առաջ: Արցախի թեմը՝ Վրթանես Սրբազանի գլխավորությամբ, 2022 թ. հայտարարել է Ս. Հակոբավանքի վերածննդի տարի: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» աջակցելու է նախագծի իրականացմանը: «Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան» տրամադրել է մասնագիտական աջակցություն: Ճարտարապետ Սամվել Այվազյանը տրամադրել է վանքի վերականգնման նախագիծը։ «Academy Films» ընկերությունը աջակցում է՝ Ս. Հակոբավանքի մասին տեսանյութեր նկարելով: «Spell»-ը ստեղծել է Հակոբավանքի մասին պատմող բովանդակություն: «Spring PR» ընկերությունը նախագծի մասին նյութեր է պատրաստում: Լուսանկարիչ Սևակ Ասրյանը տրամադրել է հեղինակային լուսանկարներ Հակոբավանքից։ «Արևահովիտ» հարթակը և «Կենաց տուն» ՀԿ-ն միացել են վերականգնման ծրագրի վերամեկնարկին:

«Ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանն այս ընթացքում տպագրեց երկար տարիների իր քրտնաջան աշխատանքի արդյունքը` «Ս. Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը հայոց մեջ» գիրքը, որ ավելի հասկանալի լինի, թե ում է նվիրված վանքն ու ինչ արժեք ունի մեզ համար»,- նշեց ծրագրի համակարգող Գագիկ Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թշնամու հսկողության տակ է անցել ավելի քան 1500 մշակութային կոթող, որից մոտ 150-ը ոչնչացվել կամ յուրացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս