Մեր դաշնակիցը Ռուսաստանն է ու ՀԱՊԿ-ը. Փաշինյան
«Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, և եթե աշխարհում նման բան լինում է, ռազմական դաշնակիցն անմիջապես հասնում է օգնության, և այսօր մեր ժողովուրդը շատ բացասական տրամադրություններ ունի, որովհետև չի հասկանում՝ ինչու այս պահին, երբ թշնամին ՀՀ տարածք է ներխուժել, հայ զինվորը միայնակ է կռվում թշնամու դեմ»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին դիմեց թիմակից պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ վստահեցնելով, թե տարբեր շրջանակներում հարցադրում է հնչեցվում, թե ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից:
«Ո՞վ է մեր դաշնակիցը, և ինչո՞ւ ենք մենք այսօր միայնակ»,- հարցն ամփոփ ձևակերպեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մեր դաշնակիցը ՌԴ-ն է և ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր փաստաթղթի 4-րդ հոդվածում ասվում է՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»»:
Նա հավելեց՝ հենց այս հիմքով է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին, ապա տեղեկացրեց, որ երեկ նիստ է տեղի ունեցել, որում ընթացք է տրվել մի գործընթացի, ինչը պիտի իր կոնկրետ լուծումներն ունենա:
«Եվ ուզում եմ նաև ասել, որ չնայած խոսույթը կա, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել, բայց, այնուամենայնիվ, երեկվա նաև մեր նիստի ընթացքում մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
Եթե այդ ֆորմատում այդպիսի նախադասություններ հնչում են, դրանք չպետք է մնան անհետևանք: Եվ հիմա գործարկվել է ընթացակարգ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այն իր տրամաբանական արդյունքին հասնի: Ընդ որում, մենք չենք դիտարկում ռազմական միջամտությունը՝ որպես միակ հնարավոր սցենար, որովհետև կան քաղաքական, դիվանագիտական ազդեցության այլ գործիքներ և մեխանիզմներ:
Բացի այդ, ուզում եմ ընդգծել, մենք դիմել ենք նաև ՌԴ-ին՝ «Բարեկամության, գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա՝ այդ թվում՝ ռազմական աջակցություն ստանալու համար:
Աշխատել ենք և դիմել ենք նաև մեր արևմտյան գործընկերներին, որոնց աջակցությամբ հարցը մտնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ այնտեղ քննարկելու համար»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: