Որոնք են քաղցկեղի կանխարգելման պարզ ուղիները
Կան մի քանի պարզ կանոններ, որոնց պետք է հետևել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը նվազեցնելու համար, ըստ shantnews-ի՝ Eat This, Not That-ի հոդվածում ասում է Շոն Մարչեսը՝ քաղցկեղով հիվանդներին խնամելու 15 տարվա փորձ ունեցող բուժքույրը:
Քաղցկեղն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկն է։ Այս հիվանդությունը կանխելու հուսալի ուղիներ չկան, բայց դուք կարող եք զգալիորեն նվազեցնել դրա զարգացման հավանականությունը, եթե փոխեք ձեր ապրելակերպը և հրաժարվեք որոշ սովորություններից, որոնք կարող են հրահրել քաղցկեղի զարգացումը:
Ըստ բուժքրոջ՝ ծխախոտն ու ալկոհոլը վտանգավոր են նույնիսկ փոքր քանակությամբ:
1960-ականներից ի վեր ծխելը թոքերի քաղցկեղի հիմնական պատճառն է ԱՄՆ-ում, ասել է Մարչեսը: Իսկ դա խնդրի միայն մի մասն է։ Ծխախոտի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առնվազն 14 տեսակների զարգացման հավանականությունը, որոնց բաժին է ընկնում քաղցկեղից մահացության ավելի քան 20-30 տոկոսը:
Մարչեսը պնդում է, որ ալկոհոլի չարաշահման և քաղցկեղի միջև կապը հաստատվել է դեռևս 1910 թվականին: Ալկոհոլային խմիչքները հրահրում են բերանի խոռոչի, մարսողական տրակտի, շնչուղիների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և կրծքագեղձի քաղցկեղ: Վտանգի տակ են նույնիսկ նրանք, ովքեր ժամանակ առ ժամանակ խմում կամ ծխում են, զգուշացնում է Մարչեսը: Այդպիսի սովորությունների բացասական ազդեցությունը կուտակվում է։ Բացի դրանից, և՛ ծխախոտը, և՛ ալկոհոլը կախվածություն են առաջացնում, ուստի անգամ հազվադեպ օգտագործումը կարող է վերածվել կախվածության, կարծում է փորձագետը։
Դադարեք կարմիր միս և վերամշակված մթերքներ օգտագործել
Հաստ աղիքի քաղցկեղի գրեթե 70 տոկոսը և քաղցկեղից մահացությունների մեկ երրորդը կապված են վատ սննդակարգի հետ, ասել է Մարչեսը:
Մթերքներից, որոնք պետք է բացառվեն ճաշացանկից․ նա առանձնացրել է կարմիր միսը, որը մեծացնում է շագանակագեղձի, միզապարկի, կրծքի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի և բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Մարչեսը նաև կոչ է արել ավելի քիչ ուտել վերամշակված մթերք, քանի որ դրանք կարող են պարունակել տրանս ճարպեր և զտված շաքար: «Քաղցկեղի զարգացման ռիսկը կարող է զգալիորեն կրճատվել՝ խելամտորեն ընտրելով մթերքը և պիտակների վրա բաղադրիչները կարդալով»:
Ազատվեք ավելորդ քաշից
Մարչեսը հիշեցրել է, որ ֆիզիկական ակտիվության պակասը և սխալ սնունդը հանգեցնում են գիրության, ինչը մեծացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Ավելորդ քաշը հանգեցնում է հաստ աղիքի, կրծքագեղձի, արգանդի, երիկամների, կերակրափողի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և լեղապարկի քաղցկեղի։
Քիչ ժամանակ անցկացրեք արևի տակ
«Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը ազդեցության ամենատարածված ձևն է, որն առաջացնում է քաղցկեղի դեպքերի մինչև 10 տոկոսը»,- զգուշացնում է Մարչեսը: Նրա խոսքով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից կարող են զարգանալ լեյկոզ, սարկոմա և լիմֆոմա, ինչպես նաև վահանաձև գեղձի, մաշկի, թոքերի և կրծքագեղձի քաղցկեղ։
Բուժել վարակիչ հիվանդությունները
Աշխարհում քաղցկեղի մոտ 18 տոկոսը կապված է վարակների հետ, ինչպիսիք են հեպատիտ B-ի վիրուսը կամ մարդու պապիլոմավիրուսը, ասել է Մարչեսը: Նա նշել է, որ այս վարակների դեմ պատվաստանյութեր կան, և ուսումնասիրությունները ցույց են տալիս պատվաստվածների մոտ վիրուսների հետ կապված քաղցկեղի ռիսկի զգալի նվազում: