«Մոռանում են՝ Նիկոլ Փաշինյանն ազգին նկարել էր սովորեցնում». կարմիրբերետավորները լցվեցին, մարդկանց բերման ենթարկեցին, հեռախոսներից ստիպում էին ջնջել վիդեոները
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում՝ Ֆիզգորոդոկում, այսօր կրկին լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև:
Բնակիչների խոսքով՝ պատճառը 5-ամսյա դադարից հետո շինարարական աշխատանքների վերսկսումն է։
««Ռատկո» ՍՊԸ-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը Ֆիզգորոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ»,- ֆեյսբուքյան իրենց էջերում գրել էին թաղամասի բնակիչները։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկանները բերման են ենթարկել Ֆիզգորոդոկի բնակիչ Կարեն Ամիրխանյանին։
168.am–ը կապ հաստատեց միջադեպին ներկա բնակիչների հետ, հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են բերման ենթարկել քաղաքացուն․
«Ճանապարհի մի հատվածում արգելող նշան, որը ցույց է տալիս, որ մեքենա կայանելու իրավունք չունեն։ Բայց այդ հատվածում կայանված է այդ կռունկը, և մի քանի օր է՝ աշխատանքներ է իրականացնում։ Մեր բնակիչներից մեկը ոստիկաններին ասում էր՝ թուղթը ցույց տվեք, որտեղ նշված է, որ տվյալ մեքենան իրավունք ունի ճանապարհի այս հատվածում կայանելու և աշխատելու։ Պատասխանեցին՝ ոստիկանությունը գրել է, որ չի առարկում․․․ Մեր բնակիչը նորից պնդեց, որ առարկությունն ուրիշ է, թույլտվությունը՝ ուրիշ։ Այդտեղից խոսակցությունը թեժացավ, մեր բնակիչն էլ իր մեքենայով եկավ ու ճանապարհի մյուս նեղ հատվածն էլ ինքը փակեց։ Պարեկները տեսան, որ ոչինչ չի ստացվում, կանչեցին Մաշտոցի ոստիկաններին, այն ոստիկաններին, որոնք դեռ նախորդ տարի ժողովրդի հախից եկան, բռնի ուժ կիրառեցին։ Դրանք եկան ու սկսեցին մեքենայից դուրս հրավիրել, ձեռքով խփել մեքենայի պատուհանին, և այլն․․․»։
Բնակչի խոսքով՝ իրավիճակն այնքան է լարվել, որ ժամանել են կարմիրբերետավորները․
«Այդ ժամանակ մեր թաղամասի բնակիչը մեքենան քշեց, կանգնեց Ալիխանյան 1 հասցեում՝ ճանապարհն ազատեց։ Այդ ժամանակ Կարենը Հայկի մոտ կանգնած խոսում էին, մեկ էլ տեսանք, որ Մաշտոցի բաժանմունքի 2 ոստիկան Կարենին բերման ենթարկեցին․․․»։
Ականատեսների պնդմամբ՝ ոստիկանները պահանջել են, որ տարածքում այդ ամենի վիդեոնկարահանում իրականացրած քաղաքացիները դրանք ջնջեն հեռախոսներից, ովքեր հրաժարվել են՝ ստիպել են․
«Տղաներից մեկը նկարել էր, թե ինչպես են հարվածել մեքենային, ինչ վարք են դրսևորել, բայց 4-5 հոգով հեռախոսը վերցրել էին ձեռքից ու ջնջել ամբողջը։ Ասել էին՝ լրագրող չեք, իրավունք չունեք նկարել։ Մոռանում են, որ Նիկոլ Փաշինյանն ազգին նկարել էր սովորեցնում․․․»։
Հիշեցնենք, որ Ֆիզգորոդոկում իրավիճակը լարվել էր նախորդ տարի, երբ բնակիչները տեղեկացել էին, որ իրենց թաղամասում բազմաբնակարան շենք կառուցելու շինթույլտվություն է տրվել։
Նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել որոշումը։
168.am-ի տեղեկություններով՝ ՖիզԳորոդոկի այս շինարարական գործընթացները կոորդինացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը շուտով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ կնշանակվի փոխքաղաքապետի պաշտոնում:



