Սպանություն՝ Լոռիում․ սրտի հատվածում դանակի վնասվածքով Վանաձորի ԲԿ է տեղափոխվել 32-ամյա տղամարդու դի
Սեպտեմբերի 5-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00։30-ի սահմանում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժշիկների խումբը Տարոն 2 Ուկրաինական պողոտայից «ձախ թիակի շրջանի կտրած պատռած վերք 7-ից 8 սմ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել դի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նավասարդյանը։
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տարոն 2 թաղամասի բնակիչ 32-ամյա Գագիկ Հովհաննիսյանն էր։
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 22։40-ի սահմանում, Լոռու մարզի բնակիչ Ս․ Հ․-ի հետ անձնական հարցի շուրջ Տարոն 2 Ուկրաինական պողոտայի 10/2 հասցեի մոտ վիճաբանություն է առաջացել Վանաձորի բնակիչ 31-ամյա Կարեն Առաքելյանի և Գ ․ Հովհաննիսյանի միջև․ որի ընթացքում Կ․ Առաքելյանը սուր կտրող-ծակող առարկայով (ըստ տեղեկությունների՝ օգտագործվել է դանակ) հարվածել է Գ․ Հովհաննիսյանին, ինչը դարձել է մահվան պատճառ։
Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզել են նաև ականատեսների ինքնությունը, ովքեր հրավիրվել են ոստիկանության Տարոնի բաժին, կատարվածի մասին տվել հաղորդումներ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Կ․ Առաքելյանին և հանցագործության գործիք-դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշերով նախաձեռնվել է քրեական վարույթ։