Նորից խաղաղապահների մասին

Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական սադրանքները հիանալի հնարավորություն տվեցին, որ իրենց քաղաքագետ, վելուծաբան համարող տարբեր մաստի գործակալները հերթական հակառուսական հիստերիան բարձրացնեն՝ մեղադրելով ռուսական խաղաղապահներին։ Համոզված եմ, որ նրանք ոչ միայն հարմար առիթի էին սպասում, այլև նրանց համար հստակ ցուցում էր վարչապետ կոչեցյալի մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին։

Ինքս միշտ դեմ եմ եղել Արցախում ցանկացած խաղաղապահ ուժերի տեղակայմանը, լինեն դրանք ՆԱՏՕ-ական, սկանդինավյան թե ռուսական, իմանալով աշխարհի տարբեր ռեգիոններում խաղաղապահ ուժերի «արդյունավետության» մասին (file:///C:/Users/User/Downloads/N1425643.pdf)։

Այո՛, ցույց տվեք գեթ մեկ դեպք, որ խաղաղապահներն արդյունավետ են գործել։ Ցանկացած խաղաղապահ առաքելության մանդատը կողմերի միջև չեզոքության պահպանումն է։ Եթե որևէ կողմ խախտում է հրադադարը, ապա խաղաղապահները, լավագույն դեպքում՝ հորդորում են կողմերին հանդարտություն պահպանել, վատագույն դեպքում՝ հեռանում են, ինչպես Ռուանդայում։ Ինչո՞ւ պետք է սկանդինավցի կամ ռուս զինվորը զոհվի հանուն Արցախի։

Միակ բացառությունը 2008թ․ Հարավային Օսիայի դեպքն էր, երբ ռուս խաղաղապահները կռվեցին վրացական բանակի դեմ։ Տվյալ պարագայում Վրաստանը հանդես էր գալիս՝ որպես ընդգծված հակառուսական երկիր, և արդեն ռուս խաղաղապահները  ոչ թե չեզոք, այլ կողմ էին։

Տվյալ պարագայում, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերը ոչ թե Հայաստանի դաշնակից Ռուսաստանի զինված ուժերն են, ինչպես Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազան, այլ՝ որպես  տխրահռչակ  եռակողմ  համաձայնության արդյունք։ Ռուսական խաղաղապահ ուժերի ցանկացած զինված միջամտության դեպքում, Ադրբեջանը, Թուրքիան, նաև կարծում եմ՝ Արևմուտքը անմիջապես կպահանջեն ռուս խաղաղապահների հեռացում Արցախից, որպես կողմնապահ կողմ։ Թերևս, հենց այդ նպատակն են հետապնդում գործակալներն իրենց վերջնական նպատակին, այն է՝ Արցախը հայաթափելուն հասնելու համար։ Եվ քանի դեռ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, օգտվելով առիթից, Ադրբեջանը, իհարկե Թուրքիայի աջակցությամբ, անվերջ սադրանքների է դիմելու։

Արցախն անվտանգ էր միայն ու միայն Հայաստանի կողմից նրա անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքով և Հայաստանից դեպի Արցախ տարվող զորակոչով։ Այստեղ ընդդիմախոսները հարց կբարձրացնեն՝ բա  այդ դեպքում ինչո՞ւ մեր դաշնակից Ռուսաստանը չմիջամտեց բուն Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Եթե դու չես պաշտպանվում, այլ հայտարարում ես, որ այդ հողերը «ձյունածածկ, ամայի հողեր են» և դրանց համար չենք կռվելու, ապա այդ ո՞ր դաշնակիցը քեզ կաջակցի։ Իսրայելն ԱՄՆ-ի դաշնակիցն է, բայց ցանկացած իր պետության նկատմամբ հարձակման դեպքում՝ Իսրայելը չի դիմում ԱՄՆ-ին, այլ ինքնուրույն է պատերազմում։ Եվ վերջապես, արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞ց Ռուսաստանին։ Հետաքրքրական է, որ ռուս խաղաղապահներին մեղադրող «գործիչները», որպես կանոն, ոչ միայն իրենք չեն ծառայել բանակում, այլև իրենց սիրասուն զավակներին են թռցրել բանակում ծառայությունից։

Նրանց «երկաթյա» տրամաբանությամբ, ոչ թե մենք, այլ օտարները պետք է ապահովեն հայ ժողովրդի անվտանգությունը։ Նրանք ըստ էության ողջունեցին 2020թ․ նոյեմբերի 9-ի պարտությունն ու նրա հեղինակին, աջակցելով նրան նաև 2021թ․ ընտրական ֆարսի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս