«Բերձորը հետանկախության շրջանի հայկական զենքի հաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մեկն է»․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «Թվում է, թե Բաքվի բռնապետը ստացել է իր երազածից էլ ավելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաև նույնիսկ Հայաստանից բռնազավթված տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցավալիորեն, կիսաուրվական դարձած այդ քաղաքը, գրեթե ոչինչ է, և «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։
Սակայն, բացի ամեն ինչից, Բերձորը հետանկախության շրջանի հայկական զենքի հաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մեկն է, որն ամեն օր հիշեցնում է մեր հերոսական ոչ շատ վաղ անցյալը, ուստի, ըստ բարբարոսների՝ մեզ պետք է զրկել նաև դրանից՝ արնաքամ անելու Հայաստանի ոչ միայն մարմինը, այլ նաև ոգին։
Բերձորը պարզապես միայն բնակավայր չէ, հաղորդակցության ուղի չէ, գազամուղ կամ համացանցային մալուխ չէ, Բերձորն այն խորհրդանիշներից է, որը «մատնում է», որ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, կարող է ունենալ ոգի, ջախջախել թշնամուն, ջախջախել հերոսաբար, ջախջախել անսպասելի, ջախջախել բարբարոսների անպարտելիության և մեր «թշվառ ու անտեր» լինելու հարյուրամյակների կարծրատիպը ոտնակոխ անելով։
Բերձորը միայն տեղանք կամ քաղաք չէ, Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թե մարտական փառքով, ինչպես դա արել ենք մենք՝ որպես այս սրբազան լեռնաշխարհի արժանի զավակներ, այլ եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով»»։