Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և «Մեգերյան կարպետ»-ի նախաձեռնությունը հավաքագրել է ավելի քան 8 մլն դրամ
Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինհաշմանդամություն ձեռք բերած Ռուսլան Թումանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արթուր Կարապետյանը, Նորայր Ավագյանը և Սեյրան Սողոյանը հուլիսի 28-ին կապեցին շուրջ մեկ տարի գործվող «Արևագորգի» վերջին հանգույցները: Գորգը կտրելու արարողությունը նույնպես տղաների ձեռքով կատարվեց։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և «Մեգերյան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով այս նախաձեռնությունը մեկնարկել է 2021թ․ հունիսի 4-ին, որի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր Արևագորգի իր հանգույցը կապել և ամեն մի հանգույցի դիմաց նվիրաբերել 1,000 ՀՀ դրամ (2 դոլար կամ եվրո, կամ 150 ռուբլի)՝ այդպիսով կանգնելով բոլորիս համար իրենց կյանքն ու առողջությունը չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։
«Արևագորգը» պատկանում է Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին։ Գորգի կենտրոնում պատկերված է ծաղկած խաչ, որն արևի ճառագայթներով է շրջապատված` որպես արևի և լույսի խորհրդանիշ և պաշտպանիչ ուժ:
Մոտ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, դպրոցականներ ու հանրահայտ սիրված անձինք ամեն օր այցելում էին Մարիոթ հյուրանոցի ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգույցը։ Սփյուռքի մեր հայրենակիցները վիրտուալ հանգույցներ էին կապում megerian.1000plus.am կայքի միջոցով՝ այդ կերպ իրենց հոգածությունը և աջակցությունը ցուցաբերելով մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին։
Այս նախաձեռնության շնորհիվ հավաքագրվեց 8,123,000 ՀՀ դրամ։
Միջոցառման ընթացքում ԶԱՀ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշեց, որ հիմնադրամի առաքելությունը ձևավորվել է շատ վեհ գաղափարի շուրջ։ Մեզնից յուրաքաչյուրը պետք է կարողանա գնահատել մեր հերոսներին, հարգել զոհվածների հիշատակը, ինչպես նաև նրանց, ովքեր ողջ են այսօր։
«Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանի խոսքով՝ այս գորգը հյուսելը խորհրդանշում էր այն, որ մենք միասնական լինելով կարող ենք արդյունքի հասնել։ «Արևագորգը» մեր ուժի և հզորության խորհրդանիշն է։
«Արևագորգի» ճանապարհն այսքանով չավարտվեց․ այն տեղափոխվեց «Մեգերյան կարպետ»՝ անցնելու հատուկ լվացման և մշակման գործընթացը, որից հետո այն կվաճառվի աճուրդով և ամբողջ հասույթը «Մեգերյան կարպետ» կողմից կփոխանցվի ԶԱՀ-ին։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում էր ԶԱՀ այն գաղափարը, որ անգամ փոքր, բայց միասնական ներդրումով մենք կարող ենք արժանապատիվ ապագա ստեղծել մեր զինվորների և նրանց ընտանիքների համար։