ՌԴ-ն դեմ է երկրորդ ճակատի բացմանը, պետք է իր քայլերն այնպես համակարգի, որպեսզի կտրուկ արևմտյան արձագանք ու լարվածություն չառաջացնեն այլ ռեգիոններում. Մալաշենկո
Մոսկվան արձագանքել է Միացյալ Նահանգների՝ հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցելու փորձերին: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ արձագանքելով դիտարկմանը, որ կարծես Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս թողնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից, նշել է, որ Մոսկվան դեմ չէ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դերակատարների ներգրավմանը, եթե նրանք գործեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների շրջանակներում և առանց քողարկված ինտրիգների։
«Գլխավորը՝ թույլ չտալ կրկնօրինակումներ ու քողարկված խաղեր, որպեսզի ինչ-որ մեկին թուլացնեն, խանգարեն։ Ցավոք, մենք մեկ անգամ չէ, որ ստիպված ենք եղել նշված դերակատարների կողմից նման փորձի հետ առնչվել»,- նշել է դիվանագետը։
Նա ասել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին. տարածաշրջանի ուղղությամբ իր աշխատանքում Մոսկվան առաջ է քաշում բացառապես կառուցողական օրակարգ և չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ։ Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Նեչաևը հիշեցրել է, որ անհրաժեշտ է համապատասխան ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ: Ի թիվս այլ թեմաների՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորությանը, նա ԱՄՆ պատրաստակամությունն էր առաջարկել՝ աջակցելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ դիվանագիտական հայտարարություններն արվում են այն նպատակով, որպեսզի ԶԼՄ-ներին արձագանքեն և իրավիճակներն անարձագանք չմնան:
Ըստ նրա՝ Ռուսաստանում շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվում, նույնիսկ կանխատեսում էին, թե Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ինչ սցենարներ են ծավալվելու Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում: Ուստի, նրա խոսքով՝ այնպես չէ, որ սա անսպասելի էր, ու այս հայտարարությունն ամբողջությամբ արտահայտում է Ռուսաստանի «ցանկությունները»:
«Պետք է արձանագրել, որ մեկնաբանությունն արվում է ոչ ամենաբարձր մակարդակով, որը նաև արտացոլում է այս խնդրին ՌԴ արտաքին քաղաքականությունում ներկայումս տրվող կարևորությունը, բայց նաև արտացոլում է մասամբ Ռուսաստանի մոտեցումները: Բնականաբար, միամիտ դիվանագետներ չկան, որոնք կհամարեն, որ Արևմուտքը՝ մասնավորապես՝ ԵՄ-ն, կարող է միջամտել, բանակցել և ծառայել ռուսական շահին, ինչպես ասվում է հայտարարություններում՝ մեջբերելով եռակողմ երեք հայտարարությունները: Իհարկե, Ռուսաստանը դրանով չի կարողանում զբաղվել այնպես, ինչպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Բայց նաև Ռուսաստանում հստակ հասկանում են, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, այն էլ այս փուլում՝ ռուսական պատկերացմամբ չեն առաջնորդվելու և իրենց քաղաքականությունն են առաջ մղելու, և գլխավոր ինտրիգը Ռուսաստանի ազդեցությունը ողջ Հարավային Կովկասից կտրելն է:
««Քողարկված ինտրիգներ» արտահայտությունը միանշանակ օգտագործվել է ոչ պատահականորեն, բնականաբար, Ռուսաստանը տեսնում է, արձագանքում է դեպի Հայաստան արևմտյան ծանրքաշային գործիչների այցերին, ինչպիսին ԿՀՎ ղեկավարի այցն էր, Պետքարտուղարության ներկայացուցչի ու ամերիկացի այլ պաշտոնյաների այցերը Երևան: Այնուամենայնիվ, այս ամենը նպատակ ունի բոլոր գործընթացները դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից և ապա թողնել իրավիճակները, որպեսզի երկկողմ ձևաչափերում կարգավորվեն: Ըստ էության՝ Ռուսաստանին փորձում են հանել միջնորդական դերակատարությունից, չեզոքացնել ՌԴ ներկայությունը»,- ասաց Մալաշենկոն:
Նա այն կարծիքին է, որ Ռուսաստանը դիտարկում է հնարավոր բոլոր սցենարները: «Միջանկյալ կամ ժամանակավորապես կարող է Ռուսաստանի համար իրավիճակներ փոխվեն տարբեր ռեգիոններում, կարող է Ռուսաստանը նույնիսկ գիտակցված որոշ տեղերում զիջելու ճանապարհով գնալ՝ այլ տեղերում ինչ-որ բան ստանալու փոխարեն: Չեմ կարող հստակ ասել, թե որ ռեգիոնների հաշվին կլինի դիվանագիտական առևտուր, ինչպիսին կլինեն ռուս-թուրքական, ռուս-իրանական բանակցությունները, Աստանայի ձևաչափը կկարողանա՞ արդյոք արդյունավետ ու համակարգված աշխատել: Բայց, ինչպես տեսնում ենք, այս եռյակի միջև ակտիվ աշխարհաքաղաքական գործընթաց կա, ակտիվ երկխոսություն տարբեր թեմաների շուրջ, որին փորձում է ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ ռեգիոններում «պատասխանել» Արևմուտքը:
Դեռ այս բոլոր խաղացողների վերադիրքավորման փորձերի շրջանում ենք: Միանշանակ կարելի է ասել, որ ՌԴ-ն կտրականապես դեմ է որևէ երկրորդ ճակատի բացմանը, որը կարող է դիտարկվել իր դեմ նաև, ուստի պետք է փորձի իր քայլերը համակարգել այնպես, որպեսզի դրանք կտրուկ արևմտյան արձագանք ու լարվածություն չառաջացնեն այլ ռեգիոններում: Կարծում եմ, այս մտայնությամբ ևս պետք է բացատրել ՌԴ պահվածքը Հարավային Կովկասում: Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ին չի հաջողվել լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրն Ուկրաինայում»,- ասաց նա: