Պարզվում են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Համաձայն ՀՀ ոստիկանության Սևանի բաժնից ստացված հաղորդման՝ 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտաճանապարհի 6-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «BMW X5» և «Վազ 21104» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս 43-ամյա վարորդը տեղում մահացել է։
Ինչպես տեղեկացրին քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրնեսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարույթի ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաև՝ դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ, հետաքննության մարմնին տրվել են համապատասխան հանձնարարություններ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: