Պետական երաշխիքներ չկան. աշխատող ՀՀ քաղաքացուն հարստահարող համակարգից պետք է ազատել. Տնտեսագետ

Տարբեր քաղաքացիներ կրկին ահազանգում են կենսաթոշակային հիմնադրամի կուտակած գումարների եկամտաբերության նվազման և անգամ կորուստների մասին, իսկ իրավիճակի պատասխանատուները, սովորույթի ուժով, շարունակում են լուռ մնալ:

168.amը տնտեսագետ Արմեն Գրիգորյանից է փորձել պարզել կենսաթոշակային հաշիվներում արձանագրվող վնասների պատճառները:

Տնտեսագետն այս իրավիճակը ենթադրելի համարեց՝ հաշվի առնելով պարտադիր կուտակայինի խնդրահարույց համակարգը:

«Առաջին նմանատիպ դեպքերն արձանագրվել էին դեռ կորոնավիրուսի տարածման տարվա ընթացքում։ Պատճառները կարող են բազմատեսակ և բազմաշերտ լինել՝ կախված, թե մեր ժողովրդի փողերը պտտող ընկերությունները, ասել է թե՝ կառավարիչներն ինչպիսի ակտիվների մեջ են դրել, և ինչպես են գնահատվել ռիսկերը,- նշեց նա՝ հիշեցնելով,- Կուտակայինի կառավարիչներն այդ ֆոնդերի 40 տոկոսն արտարժույթով օտարերկրյա ակտիվների մեջ ներդնելու իրավունք ունեն, որոնք կարող են տատանումներ ունենալ՝ կապված փոխարժեքային տարբերությունների հետ, իսկ մնացած 60 տոկոսը պետական պարտատոմսերի և այլ ակտիվներում են: Ասել է թե՝ այս համակարգը ներդրվել էր, որ պետության բեռը թեթևացներ, բայց ավելացրել է պարտքերի տեսքով: Վնասներն արձանագրվում են, իսկ դրանից հետևություն չեն անում պատասխանատու պաշտոնյաները, այն պաշտոնյաները, որոնք կուտակայինը դադարեցնելու կոչերով եկան և զավթեցին իշխանություն»:

Արմեն Գրիգորյանը համոզված է՝ աշխատող ՀՀ քաղաքացուն հարստահարող համակարգից պետք է ազատել. բանակցել ֆոնդերի հետ, վերանայել որոշումներն ու պայմանագրերը:

«Սա մեկ օրվա, մեկ որոշման գործ չի, բայց չի կարելի շարունակել։

Տարեկան շուրջ 100,0 մլրդ ՀՀ դրամ ծանրացած է ՀՀ բյուջեի վրա, և եթե այդքան գումար դրվեր բուհերի ֆինանսավորման վրա, կարելի էր Հայաստանում բարձրագույն կրթությունը դարձնել անվճար։ Թող մեկը վերցնի և բոլոր պետական բուհերի տարեկան հաշվետվությունների ծախսային հոդվածների թվերը գումարի իրար»,- նկատեց մեր զրուցակիցը:

Տնտեսագետը ցավով արձանագրեց՝ երկար տարիներ մասնագիտական տարբեր շրջանակներ կրկնում են՝ չկան պետական երաշխիքներ, թե այդ գումարները չեն փոշիանա, կամ եթե վճարվեն էլ, իրենց գնողունակությամբ կունենան զրոյական էֆեկտ, սակայն այս հարցում որևէ տեղաշարժ այդպես էլ չի լինում:

«Կուտակային համակարգը պահպանել, նշանակում է՝ թալանել ժողովրդին, չկրել դրա համար պատասխանատվություն, չտալ երաշխիքներ, որ այդ գումարները կվերադառնան։

Երբ 2018թ. այս մարդիկ եկան իշխանության, պոպուլիստական լուծման գնացին՝ 5/5 տոկոսները դարձնելով 2,5/7,5 տոկոս, որից 2,5 տոկոսը վճարում էր մեր քաղաքացին, իսկ 7,5 տոկոսը՝ բյուջեն։ Հետո վարչապետի աթոռին նստած անձը նույն տարվա ընթացքում խոստացավ շահագրգիռ մասնագիտական հատվածի հետ մեծ քննարկում կազմակերպել՝ վերջնական լուծում գտնելու համար։ Չեղավ ոչ այդ քննարկում, ոչ էլ որևէ խոստում իրականացավ, իսկ համակարգը տարեցտարի վերադառնում է իր նախկին դրույքաչափերին։

Երաշխիքներ չկան. դա պետք է իրավական ակտի տեսքով լիներ, իսկ այս իշխանությունները ոչ մի բանի համար պատասխան չեն տալիս և չեն կարող։ Պատասխանատվությունն ու երաշխիքների տրամադրումն այս իշխանությունների հետ անհամատեղելի են:

Իսկ հետդարձի ճանապարհ կա. սա այն հարցը չէ, որ մարդկանց խաբեն՝ ասելով, թե անցել ենք անդառնալիության կետը։ Չկա՛ նման բան. երկրներ կան, որ 30-40 տարի հետո դադարեցրել են այս անարդյունավետ համակարգը։ Մեր փողերը պտտող ընկերություններին պետք է ժամանակ տրվի, որպեսզի վաճառեն այդ ակտիվները, և գումարները վերադարձվեն մարդկանց»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս