Ալի Խամենեիի կարևոր ուղերձները. ի՞նչ զգուշացրեց Խամենեին Էրդողանին Հայաստանի վերաբերյալ

Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր սպասվում են աշխարհաքաղաքական նշանակության հանդիպումներ ու բանակցություններ ԻԻՀ առաջնորդ Իբրահիմ Ռայիսիի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահը նախ հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, ով Էրդողանի համար հստակ ուղերձներ է հնչեցրել: Ի թիվս այլ հարցերի՝ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը։

«Եթե լինի Իրանի ու Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, որովհետև այդ սահմանը համարվում է կոմունիկացիոն երթուղի, որը հազարավոր տարիներ եղել է»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Զուգահեռաբար՝ Թուրքիայի նախագահի հետ զրույցում Խամենեին նաև գոհունակություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձվելու» կապակցությամբ։ Կողմերը նաև խոսել են սիրիական հարցի շուրջ, անդրադարձել Թուրքիայի՝ Սիրիայում սպասվելիք ռազմական գործողությանը։ Խամենեին նշել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր է:

«Սիրիայի հյուսիսում ցանկացած ռազմական հարձակում լինելու է հօգուտ ահաբեկիչների և ի վնաս Թուրքիայի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի: Սիրիայի հարցը պետք է բանակցությամբ լուծվի»,- ասել է նա:

168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Ալի Խամենեիի հայտարարությունն իրանական կողմի պաշտոնական դիքրորոշումն է տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում, և այդ դիրքորոշումը չնայած նախկինում ևս ընդգծվել է, բայց հատկապես պարբերաբար շեշտադրվում է 44-օրյա պատերազմից հետո, հաշվի առնելով այն անկայունությունը և այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում:

Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ Իրանն առաջին հերթին սեփական շահերն է առաջ մղում, քանի որ ՀՀ-ի հետ սահմանի վերացումը, ամենաբացասական սցենարը, լրջագույն անվտանգային մարտահրավեր է ԻԻՀ-ի հետ, որովհետև դեպի Հյուսիս Իրանի ելքը զգալիորեն սահմանափակվում է, մեծապես առաջանում է կախվածություն թյուրքական գործոնից:

«Դեպի Հյուսիս և Արևմուտք իրանական ելքը զգալիորեն սահմանափակվում է և մնում է միայն Կասպից ծովի ճանապարհը, որն այդքան էլ զարգացած չէ: Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու իրավական հիմքեր փորձում են ներկայացնել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ գտած տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ դրույթը մեջբերելով, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմի համար այդ ճանապարհի հնարավորությունը ստանալու ուղեգիծն առանցքային նշանակություն ունի, և որը միանշանակորեն պաշտպանվում է Թուրքիայի կողմից»,- ասաց վերլուծաբանը:

Նա նկատեց, որ այստեղ շատ կարևոր հանգամանք է, թե ինչ համատեքստում է հնչեցվել այդ դրույթը:

«Խոսքը նաև սիրիական հակամարտության՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հնարավոր գործողության համտեքստում է, և այստեղ Խամենեիի հայտարարությունը ուղղված է ոչ միայն ՀՀ-Իրան սահմանին, այլև տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, որովհետև մենք գիտենք, որ Թուրքիան նույնպիսի հավակնություններ ունի Սիրիայի Հյուսիսում, այսինքն՝ Թուրքիայի նպատակը Սիրիայի Հյուսիսում ամբողջական սահմանի նկատմամբ մինչև 30կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումն է, որը, իհարկե, հետագայում վերածվելու է Թուրքիայի ազդեցության գոտու:

Երկրորդ՝ այսօր երկու տարածաշրջանային և ավելի ուշ երեք տարածաշրջանային տերությունների մակարդակով քննարկվելու են տարածաշրջանային խնդիրներ, սա, այսպես կոչված, 3+3 ձևաչափն է՝ Աստանայի ձևաչափը՝ Սիրիայի մասով, և դրան գումարած՝ մեր տարածաշրջանի մասով 3+3 ձևաչափը, այսինքն՝ տարածաշրջանային տերություններն անդրադառնում են տարբեր տարածաշրջաններում խնդիրներին: Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն իրենց համար ստեղծում են հնարավորություններ նաև նման հանդիպումներով այս տարածաշրջաններում եղած խնդիրները տարածաշրջանային երկրների ջանքերով լուծելու համար»,- ասաց Պետրոսյանը:

Արաբագետն արձանագրեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում դիրքային փոփոխություններ են եղել, ՌԴ-ին հաջողվեց գերակա դիրքավորում արձանագրել՝ ինչպես Արցախյան կարգավորման, այնպես էլ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում և ընդհանրապես տարածաշրջանում, Թուրքիան ևս բարելավեց իր դիրքերը, մինչդեռ Իրանն ինչպես պատերազմի ընթացքում և պատերազմից հետո իր ունեցած դիրքորոշման պատճառով զիջեց իր դիրքերը:

«Հիմա այս խնդրի առաջմղումն Իրանի համար հնարավորություն է Հարավային Կովկասում հնարավոր զարգացումներում դիրքավորվելու նաև 3+3 ձևաչափի միջոցով: Խամենեիի հայտարարությունում հավասարակշռություն ևս կա, որ իրանական կողմը ողջունում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ստացած գերակայությունը, որևէ նորություն չկա Իրանի այս հայտարարությունում, դա միշտ է եղել, սակայն մյուս կողմից էլ նշվում է կարմիր գիծը, որը կարևոր է Իրանի համար»,- ասաց նա:

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ նման մակարդակի հանդիպման ընթացքում հարցի հնչեցումը փաստում է այն իրողությունը, թե ինչպիսի բարդ քաղաքական իրավիճակ է տիրում ներկայումս տարածաշրջանում:

«Առանց չափազանցության կարող եմ նկարագրել այս իրավիճակը՝ որպես եռացող քաղաքական իրավիճակ: Լուրջ գործընթացներ են, որոնց ահռելի մասը ստվերային է, կա լրջագույն բովանդակություն, որն արտացոլվում է նման մակարդակի հանդիպումներում կարմիր գծերի բարձրաձայնմամբ:

Սա չափազանց կարևոր իրողություն է: Առնվազն վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրանական կողմից մի քանի կարևոր նման ուղերձներ հնչեցին: Մեկը՝ ԻԻՀ ԱԱԽ ԳՔ Ալի Շամխանիի ՀՀ այցի ընթացքում, և մյուսը՝ Խամենեիի կողմից: Աշխարհը բավականաչափ լուրջ տուրբուլենտության փուլում է գտնվում, ստատիկ որևէ բան չկա: Պետք է հաշվի առնենք, որ լրջագույն քաղաքական առևտուր է ընթանում տարաբնույթ դերակատարների միջև, և չնայած կողմերը բարձրաձայնում են իրենց կարմիր գծերի մասին, որևէ մեկը լիակատար հնարավորություններ չունի սեփական ուժերով սեփական կարմիր գծերը պաշտպանելու:

Չի կարելի բացառել, որ ՌԴ-ն ու ԻԻՀ-ն որևէ փուլում հնարավորություն կտան Թուրքիային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ, որովհետև այս հարցը զգալի խնդիրներ կառաջացնի Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը գլխավոր անվտանգային երաշխավորն է նաև Սիրիայում քրդական տարաբնույթ կառույցների համար, իսկ նման աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում նման հնարավորությունը ՆԱՏՕ-ի ներսում հարաբերությունների լարվածության շատ կարևոր գործոն է ՆԱՏՕ-ի տարածաշրջանային հակառակորդների համար:

Չպետք է մոռանանք, որ ողջ Մերձավոր Արևելքում են կարևոր գործընթացներ, ընդամենը մի քանի օր առաջ մյուս գերտերության առաջնորդն էր այս տարածաշրջան ժամանել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որն Իսրայելում բարձրաձայնեց մեր տարածաշրջանի մեկ այլ անվտանգային խնդրի՝ ԻԻՀ միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը, և Սաուդյան Արաբիայում նրա հանդիպումը, որը ևս և այդ մասին էր, և էներգետիկ շեշտադրումներ ունեցող պայմանավորվածություն էր: Այսինքն՝ այս գլոբալ առևտրի համատեքստում մենք որևէ ստատիկ պնդումներ չենք կարող անել, բայց այս ամենում Հայաստան-Իրան սահմանի կարևորությունը չենք կարող համեմատել Սիրիայի հյուսիսում հնարավոր գործողությունների հետ, որովհետև կրկնում եմ՝ սա լրջագույն անվտանգային մարտահրավեր է, սա ամեն ինչից վեր հարց է Իրանի համար»,- ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս