Դեսպան Ղևոնդյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/1088554.jpg)
Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Թիլեուբերդին հանդիպել է Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ղազախստանի և Հայաստանի փոխգործակցության հարցեր։ Զրուցակիցները նշել են երկկողմ առևտրի բարելավմանն ուղղված ջանքերի ուժեղացման և երկու երկրների գործարար շրջանակների համար բարենպաստ պայմանների ձևավորման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև համատեղ միջազգային միջոցառումների ժամանակացույցը և Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր։