«Ֆլամինգոն» Վանոն չի՞ նվիրել. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում ևս մեկ անգամ հստակեցրեց իր այն կարծիքը, թե ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հանցագործ է և պետք է նրան գտնել ու պատասխանատվության ենթարկել։ Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ և ինչի՞ց ելնելով է նրան հանցագործ համարում, երբ նրա մեղքը նույնիսկ դատարանում ապացուցված չէ, Ղուկասյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, Վանո Սիրադեղյանը հեռացավ այստեղից, երբ դատ էր գնում, կարելի է ասել՝ դատարանի դահլիճից։ …Եթե չեմ սխալվում, Վ. Սիրադեղյանը գերադասեց ոչ թե մասնակցել այդ դատավարությանը, այլ հեռանալ երկրից՝ դրանով իսկ ճանաչելով իր մեղքը»։
Մեր հարցին` այն ժամանակ է՞լ էր Սիրադեղյանին հանցագործ համարում, երբ վերջինս իր կնոջը նվիրեց Սևանի ափին գտնվող «Ֆլամինգո» լողափը, Ա. Ղուկասյանն ասաց. «Վանո Սիրադեղյանը չի նվիրել։ «Ֆլամինգո» լողափի տարածքը այդ ժամանակ ԲՆ հովանու ներքո գտնվող տարածք էր։ 1996-ին Անահիտ Թարխանյանը (Անդրիասի կինը.– խմբ.) վարձակալեց 3 հեկտար տարածք «Ֆլամինգո»՝ լողափը կազմակերպելու համար, և Սիրադեղյանի հետ դա կապ չունի»»։