Բաժիններ՝

«Արդեն զզվել ենք, ոչ կարողանում ենք լվացք անել, ոչ լողանալ․ հարցին լուծում չտան՝ ճանապարհ ենք փակելու»․ Հր․ Քոչարի բնակիչներն ահազանգում են՝ ջուր չկա

Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար 12 և 13 շենքերի բնակիչներն ահազանգում են, որ արդեն մի քանի ամիս է, օրվա մեծ մասը պարտադրված առանց ջուր են մնում։

Բնակիչները 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից իրենց հարցերին լիարժեք պատասխան չեն տալիս, թե կոնկրետ ինչի՞ հետևանքով են անջատումներ կատարում, կամ ինչո՞ւ այդ մասին նախապես չեն հայտարարում, և ամենակարևորը՝ մինչև ե՞րբ է շարունակվելու այս ամենը։

«Օրվա մեծ մասը ջուր չունենք, արդեն զզվել ենք, ոչ նորմալ կարողանում ենք լվացվել, ոչ լվացք անել, ոչ լողանալ։ Մարդը մտնում է լողանա, մեկ էլ ջուրը կտրում են։ Ինչքա՞ն կարելի է այսպես։ Զանգում ենք «Վեոլիա», կամ չեն պատասխանում, եթե  պատասխանում էլ են, ասում են՝ պլանային անջատում չունենք, գուցե վթար է եղել, չենք կարող որևէ բան ասել․․․ Հերիք ու բոլ եղավ, եթե էս շաբաթ էլ հարցին լուծում չտան, հավաքվելու ենք՝ ճանապարհ փակենք, սրանք մենակ էդ լեզուն են հասկանում․․․»։

168.am-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ։ Հարցրեցինք, թե ի՞նչ խնդիր է առաջացել, ե՞րբ է հարցին վերջնական լուծում տրվելու, քանի որ նույն հասցեի բնակիչները դեռ մայիսին էին խնդրի մասին բարձրաձայնում։

Մուրադ Սարգսյանը հարցը լսելուց հետո ասաց՝ պետք է նախ ճշտել՝ խնդիրը «Վեոլիայի» հե՞տ է կապված, թե՞ համատիրության, քանի որ «Վեոլիա Ջուր»-ը պարտավորվում է մինչև շենքի մուտքն ապահովել ջուրը, դրանից հետո համատիրության ենթակայության տակ է։ Համապատասխան ճշտումներ անելուց հետո Մուրադ Սարգսյանը կապ հաստատեց մեզ հետ․

«Մեր Արաբկիրի տեղամասի պետն ասաց՝ այո, այնտեղ խնդիր կա, և ոչ միայն այդ 2 շենքում, այլ հարևան շենքերում ևս, հատկապես բարձր հարկերում։ Այնտեղ հիմա ոչ միայն շահագործման, այլև տեխնիկական ծառայությունն է աշխատում՝ կորուստների փնտրման խմբերը, որ հասկանանք՝ կամ ջուրն է ճանապարհից կորում, կամ պոմպակայանը բավարար չի կարողանում ճնշում ապահովել։ Ամեն դեպքում աշխատում են այդ ուղղությամբ, տեսնենք՝ ինչ կարող ենք անել»։

Ճշտող հարցին՝ խնդիրը «Վեոլիա Ջուր» ընկերության տիրույթո՞ւմ է, թե՞ համատիրության, ջուրը հասնո՞ւմ է շենքերի մուտքեր, թե՞ ոչ, Սարգսյանը պատասխանեց․

«Հենց դա։ Իրենք ճանապարհն են ստուգում՝ հետագծերը, թե դրանք ոնց են գալիս, որովհետև մի ամբողջ ցանց է․․․»։

Բնակիչները դեռ որքա՞ն պետք է սպասեն, արդեն մի քանի ամիս է՝ այս խնդիրը կա, հարցրեցինք Սարգսյանին․

«Ինձ խոստացան առաջիկա օրերին խնդիրը ուսումնասիրել, հասկանալ՝ ջրի քանակի՞, թե՞ պոմպի վատ աշխատանքի խնդիր է, և այդ հարցը կլուծեն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս