Հրաչյա Քոչար և Սունդուկյան փողոցների մի հատվածում, 1 շաբաթ է, ջուր չկա․ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից պարզաբանում են
Շուրջ 1 շաբաթ է` Արաբկիր վարչական շրջանում՝ հատկապես Հրաչյա Քոչար և Սունդուկյան փողոցների որոշ հատվածներում, անկանոն ջրանջատումներ են լինում։ Բնակիչները դժգոհում են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից իրենց հարցերին լիարժեք պատասխան չեն տալիս, թե կոնկրետ ինչի՞ հետևանքով են անջատումները, կամ ինչո՞ւ այդ մասին նախապես չի հայտարարվում։
Երեկ ուշ երեկոյան քաղաքացիները կրկին ահազանգեցին, որ ջրանջատում է եղել, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գծից պատասխանում են՝ տեղյակ չենք։
«Առավոտյան արթնանում ենք, ջուր չկա, երեկոյան նորից նույնը՝ ջուր չկա, զանգահարում ենք թեժ գիծ, ոչ մի նորմալ պարզաբանում չեն տալիս, որ մենք էլ կարողանանք մեր աշխատանքը կազմակերպել, ասում են՝ չգիտենք՝ ինչ է եղել։ Մեկ շաբաթ է` այս խնդրի առաջ ենք կանգնած»,- ասացին մեր զրուցակիցները։
168.am–ը նույնպես երեկ երեկոյան կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ տեղեկատուի հետ։ Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված տվյալ հատվածում ջրանջատումը, աշխատակիցը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ։ Ճշտող հարցին՝ վթարայի՞ն անջատում է, աշխատակիցը կրկին նույն պատասխանը տվեց՝ չգիտեմ։
Չնայած, որ բնակիչներն այսօր առավոտյան մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ գիշերը՝ 03:00-03:30-ի սահմաններում ջրամատակարարումը վերականգնվել է, այնուամենայնիվ 168.am-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ։ Հարցրեցինք, թե ի՞նչ խնդիր է առաջացել, և արդյոք առաջիկա օրերին նշված հասցեներում ջրանջատումներ կրկին կլինե՞ն, թե՞ ոչ։
Մուրադ Սարգսյանը նախ հաստատեց, որ նշված հատվածում խնդիր կա՝ ջրի կորուստ։ Ըստ երևույթին՝ խողովակ է պայթել, հիմա մասնագետները փնտրում են վթարված հատվածը, որպեսզի արագ լուծում տան և վերականգնեն ջրամատակարարումը․
«Մենք գիտենք, որ Հրաչյա Քոչար և Սունդուկյան փողոցների մի հատվածում առկա է տեխնիկական խնդիր, ջրամատակարարումը որոշակիորեն անկանոն է իրականացվում։ Այս պահին մեր շահագործման տեղամասը և գոտիավորման մասնագետները համատեղ փնտրում են, թե այդ տեխնիկական խնդիրը որտեղից է առաջացել, որպեսզի լուծեն։ Մեզ համար էլ հաճելի չէ, որ մարդիկ զանգահարում, դժգոհում են, մանավանդ այս տարածքը միշտ էլ ունեցել է կանոնավոր ջրամատակարարում, և անգամ մի փոքրիկ խախտումը մարդիկ, բնականաբար, ցավագին են ընկալում։ Խնդիրը կվերանա, այսօր թե վաղը՝ դժվարանում ենք ասել, աշխատում ենք»։
Հարցին՝ արդյոք հնարավոր չէ՞ գրաֆիկ սահմանել, որպեսզի թեկուզ անջատումները կանոնավոր լինեն, մինչև որ խնդիրն ամբողջությամբ կլուծվի, Մուրադ Սարգսյանը պատասխանեց․
«Եթե ջուրն անկանոն է գալիս, մենք չենք կարող կանոնավոր ջրամատակարարում իրականացնել, սա է խնդիրը, դրա համար մարդկանց ներողամտությունն ենք հայցում․․․ Ամբողջ Արաբկիրը նորմալ ջուր է ստանում, բայց այդտեղ, ինչ-որ մի տեղ ջուրը կորչում է, ինչ-որ մի տեղ ճնշում չենք կարողանում ապահովել, թե ի՞նչ պատճառով՝ դեռ չգիտենք, բայց աշխատում ենք ինչքան հնարավոր է՝ շուտ գտնենք այդ խնդիրը և լուծենք, որ այդ 2-3 փողոցների նշված հատվածներում ևս կանոնավոր ջուր ստանան»։