Բաժիններ՝

Սա «Արարատ»-ն է, և այսքանով ամեն ինչ ասված է․ Արամ Ոսկանյան

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի կարծիքով «Արարատ» անունն արդեն իրենց համար մոտիվացիա է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Շկենդիա» դիմակայության պատասխան հանդիպումից առաջ:

«Պատասխան խաղից առաջ, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ և կորուստներ չկան։ Միայն թեթև վնասվածք ունի Բաբու Չամը։ Իհարկե, ակումբը սահմանել է պարգևավճար, բայց մեզ համար կարևորը ազգը ներկայացնելն է, սա «Արարատ»-ն է և այսքանով ամեն ինչ ասված է։ Պարգևավճարը երկրորդական է։ Ճիշտ է, կարճ ժամանակում դժվար է թիմ կառուցել, նոր փիլիսոփայություն, բայց այն ֆուտբոլիստները, որոնք այժմ կան, բավարար են, չնայած աշխատում ենք նոր համալրումների ուղղությամբ։ Մենք ունեինք ցանկություն, որ մինչ Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկը 1-2 ֆուտբոլիստ միանան մեզ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց»,- ասել է նա:

Նախորդ խաղի մասին խոսելով՝ Ոսկանյանն ասել է.

«Երկրորդ կեսում մարտավարություն փոխեցինք, առաջինում լավ պահեր ունեին Հրայր Մկոյանը, Գլիշիչը, Էդգար Մալաքյանը։ Նման խաղերում այդ հնարավորությունները պետք է օգտագործես։ Մրցակիցը «ամուր ընկույզ» թիմ է։

Երկրորդ կեսի մեկնարկում փորձեցինք հարձակողական ֆուտբոլ խաղալ, սակայն ֆիզիկական վիճակը չհերիքեց։ Հասկացանք, որ շատ հակագրոհներ ենք բաց թողնում։ Ռիսկի գնալ չարժեր, քանի որ տեսնում էինք, որ մրցակցի ֆիզիկական վիճակն ավելի լավ էր։ Ես միշտ նշել եմ, որ եվրագավաթներին պետք է սկսես նախապատրաստվել հունվարից։ Այսինքն, հունվարից պետք է սկսես ֆիզիկական վիճակի հիմքը դնել և աշխատել կազմի համալրման ուղղությամբ։ Մեր կազմից մի շարք առաջատարներ հեռացել են, ու այս ընթացքում նույնիսկ կախարդական փայտիկով չես կարող հրաշք գործել։ Առաջին խաղի երկրորդ կեսում մի քանի սուր հակագրոհ բաց թողեցինք ու այդ պատճառով որոշեցինք ավելի հուսալի խաղալ»,- ասել է Ոսկանյանը։

Արամ Ոսկանյանը հավելել է, որ ցանկանում են հաջորդ փուլ դուրս գալ և ամեն խաղին մոտենում են հաղթանակի սպասումով․ «Եթե նույնիսկ չլինի որևէ խնդիր, յուրաքանչյուր մարզիչ խաղադաշտ է դուրս գալիս հաղթանակի համար։ Մեր թիմում ունենք փորձառու ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են հաջորդ փուլ դուրս գալ։ Խնդիր կա, բայց հստակ պարտականություն դրված չէ։ Ակումբի ղեկավարությունն էլ ամեն ինչ հասկանում է, իսկ թիմի տղաներն ու մարզչական շտաբը մարտական տրամադրված պատրաստվում են վաղվա խաղին։ Չեմ կարող ասել, որ հստակ խնդիր ունենք հաղթահարելու մեկ կամ երկու փուլ»,- ասել է Ոսկանյանը։

Հուլիսի 14-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Շկենդիա» պատասխան հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս