Էդ շորը կարած էր Լևոն Տեր-Պետրոսյանի չափսերով, հիմա էդ շորը չի կարա իմ վրայով լինել. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը պլանավորել է, և շատ հնարավոր է, որ ընտրություններից հետո դուրս գա ՀԱԿ-ից, քանի որ, ըստ նրա, ՀԱԿ-ն իր առաքելությունը՝ այն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին դարձնել նախագահ, չկարողացավ իրականացնել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ քաղաքականությունից: Ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հարցազրույցը galatv.am-ի հետ:
– Պարո՛ն Բագրատյան, ո՞վ է ՀԱԿ-ում ստեղծված այս իրավիճակի մեղավորը: ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը իրավիճակի հիմնական մեղավոր համարում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Դուք ի՞նչ կարծիք ունեք:
– Ոչ, ուրիշ պրոբլեմ կա, ՀԱԿ-ը ստեղծվեց, որպեսզի սպասարկի Լևոն Տեր-Պետրոսյանին և նա դառնա նախագահ, հիմա նա չի դարձել նախագահ: Էդ ստեղծած էր նրա համար, շորը կարած էր նրա չափսերով, հիմա էդ շորը չի կարա իմ վրայով լինել, այդ շորն իմ վրա կամ փոքր է, կամ մեծ է, ես ստեղ մեղավոր ման չեմ գալիս: Ես էդ տեսակ մարդ չեմ՝ չարանամ: Չէ, չեմ ասում՝ Մակեյանը չարացել է, ուղղակի նա այդպես է կարծում:
Իսկ ես արդեն սկսում եմ հասկանալ, որ միգուցե ես այլևս անելիք չունեմ ՀԱԿ-ում: Համենայնդեպս փետրվարի 18-ի ընտրություններից հետո՝ նախագահ դառնալուց հետո, բոլորին կհրավիրեմ ինձ մոտ, կամ ինքս կգնամ այնտեղ և կհայտարարեմ, կասեմ՝ տղաներ, ի՞նչ եք ուզում անել ՀԱԿ-ի հետ, որովհետև ՀԱԿ-ում կան սոցիալիստներ, ազատականներ, տարբեր ուժեր: Գաղափարական պահը կարևոր չէր 2008-ին, որ ուզում էինք իշխանությունը վերցնել, հիմա գաղափարական պահ կա: Էդ ռևոլյուցիոն ալիքը անցավ, իշխանությունը վերցնել չստացվեց …
– Ինչո՞ւ չստացվեց, ի՞նչ սխալներ կային, ով էր մեղավոր, կամ Դուք ի՞նչ չափով եք մասնակցել այդ սխալ քայլերին, սխալ ռազմավարությանը:
– Որ մենք վճռական չէինք, սա էր պատճառը, այն երկխոսությունը, որ շատերը դեմ էին: Շատ խորը երկխոսություն ստացվեց, որը չէինք ուզում:
– Ինչպե՞ս էիք վերաբերվում ԲՀԿ-ՀԱԿ վերջին շրջանի համագործակցությանը:
– Չեմ ուզում որևէ կուսակցության հասցեին վատ լուր տալ, բայց որ ակնհայտ դարձավ, որ ԲՀԿ-ի հետ հարաբերություններն այնքան խորն են, ես գնացի և ասացի՝ ես ԲՀԿ-ի դեմ ոչինչ չունեմ, վատ բան չունեմ, բայց ես եկել եմ այստեղ Տեր-Պետրոսյանին օգնելու, ոչ թե ուրիշի հետ ինչ-որ երկխոսության գնալու, պայմանավորվածության գալու և դառնալու պայմանավորվածության առարկա, դա իմ խնդիրը չէ:
– Վիրավորված չե՞ք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անգամ չակնարկեց Ձեր մասին, որ առաջադրվելու եք, կամ կիսաբերան անգամ ուղղություն ցույց չտվեց, որ…
– Եթե պատասխանեմ Ձեր այդ հարցին, կնշանակի մտնել բամբասանքների ոլորտ: Ճիշտ խոսակցություն չէ: Տեր-Պետրոսյանը եկել է, կատարել է նշանակալի գործ, փորձել է վերցնել իշխանությունը, չի ստացվել, գնացել է, և մենք առաջադրվել ենք, որևէ խնդիր չեմ տեսնում: Իմ առաջադրումը չի եղել գաղտնի ֆրակցիայից, ՀԱԿ-ից կամ Տեր-Պետրոսյանից: Այսքան բան: