Ռուսաստանից եկած քանի՞ քաղաքացի է մնացել Հայաստանում. Սպասումները չափազանցվա՞ծ էին, թե՞ արդարացան

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում հայտարարվեց, որ այդ երկրներից, հատկապես՝ Ռուսաստանից, մեծ թվով քաղաքացիների հոսք է սկսվել Հայաստան։ Որ այդ քաղաքացիները տեղափոխվել և մտադիր են հաստատվել Հայաստանում։

Բայց պարզվում է՝ այդ հայտարարությունները խիստ չափազանցված էին։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ տեղափոխվածների շատ քիչ մասն է մնացել Հայաստանում։ Մյուսները վերադարձել են կամ տեղափոխվել երրորդ երկրներ։

Հակամարտությունից հետո իսկապես Ռուսաստանից քաղաքացիների հոսքն ավելացել է։ Սակայն այնպես չէ, որ մինչ այդ ընդհանրապես չէին գալիս և հակամարտությունից հետո հանկարծ սկսեցին մեծ հոսքերով գալ։ Հակամարտությունից առաջ էլ Ռուսաստանից տասնյակ-հազարավոր քաղաքացիներ են եկել Հայաստան։ Եկել ու գնացել են։

Հունվարին, երբ դեռևս չէր սկսվել ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանից Հայաստան է եկել այդ երկրի 47 հազարից ավելի քաղաքացի։ Շատ ավելին գնացել է, քան եկել։ Այդ ամսին, պաշտոնական տվյալներով, Հայաստանից մեկնել է Ռուսաստանի 55 հազարից ավելի քաղաքացի։ Մեկնողները գրեթե 8 հազարով ավելին են եղել, քան ժամանողները։

Փետրվարին պատկերը մի փոքր փոխվել է՝ եկողներն ավելի շատ են եղել, քան գնացողները։ Տարբերությունը 1,5 հազարի շրջանակներում է։ Այդ ամսին 40 հազար ՌԴ քաղաքացի է եկել Հայաստան, մեկնել է 38,5 հազարը։

Հակամարտության մեկնարկից հետո եկողների որոշակի ակտիվություն նկատվել է։ Բայց տարբերությունը նախորդ ամիսների համեմատ այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում էր։

Պաշտոնական տվյալներով, մարտին Ռուսաստանից Հայաստան է եկել գրեթե 55 հազար քաղաքացի։ 8 հազարով ավելի շատ, քան եկել էր հունվարին, և շուրջ 15 հազարով շատ, քան փետրվարին։

Երբ պարզ դարձավ, որ հակամարտությունն արագ չի ավարտվելու, ապրիլին ՌԴ-ից Հայաստան է եկել այդ երկրի շուրջ 55 հազար քաղաքացի։

Երկու ամսում կամ հակամարտությունից հետո Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 110 հազար քաղաքացի։ Նախորդ 2 ամիսներին եկել էր 87 հազար։ Տարբերությունը 23 հազար է։ Եթե նույնիսկ չլիներ հակամարտությունը, եկողների թիվը, միևնույն է, ավելանալու էր։ Գուցե ավելի քիչ, բայց տարիների դինամիկան դա է ցույց տալիս։

Այնպես չէ, որ հակամարտությունից հետո Հայաստան եկած 110 հազար Ռուսաստանի քաղաքացիներն ամբողջությամբ հաստատվել են Հայաստանում։ Նրանց մեծ մասն ինչպես եկել, այնպես էլ գնացել է։ Պարզապես գնացողներն ավելի քիչ են եղել, քան եկողները։

Մարտին ՌԴ-ից Հայաստան է եկել շուրջ 55 հազար քաղաքացի, գնացել է ավելի քան 44 հազարը։ Ապրիլին էլ գնացել է ավելի քան 48 հազարը։

Այլ կերպ, այս երկու ամիսներին տարբեր նպատակներով Հայաստան եկած 110 հազար ՌԴ քաղաքացիներից 92 հազարը կրկին դուրս է եկել մեր երկրից։ Մուտքերի ու ելքերի դրական հաշվեկշիռը կազմել է 18 հազար։

Տարվա կտրվածքով այդ թիվն ավելի փոքր է։ Տարեսկզբի 4 ամիսներին ՌԴ 197 հազար քաղաքացի է եկել, գնացել է գրեթե 186,5 հազարը։ Դրական հաշվեկշիռն ընդամենը 10,5 հազար է։

Ըստ էության, հենց այդքան քաղաքացի է Ռուսաստանից տեղափոխվել և ժամանակավոր կամ մշտական հաստատվել Հայաստանում։ Մյուսներն ինչպես եկել, այնպես էլ գնացել են։ Մի մասը հավանաբար վերադարձել են Ռուսաստան, իսկ մյուս մասը՝ Հայաստանն օգտագործելով որպես ժամանակավոր հանգրվան, տեղափոխվել են երրորդ երկրներ։

Որ Ռուսաստանից եկածների մեծ մասը հեռացել է, վկայում է նաև անշարժ գույքի շուկայում մի պահ սկսված աժիոտաժից հետո հաստատված հանգստությունը։ Բնակարանների վարձակալության գները, որոնք Ռուսաստանից քաղաքացիների հոսքերի ավելացման հետևանքով մի պահ թռան, կրկին նվազել են։ Չկա այլևս նախկին բարձր պահանջարկը։ Վարձակալության գները, իհարկե, չեն իջել առաջվա մակարդակին, բայց հետ են գնացել։ Պատճառն այն է, որ տեղափոխվածների մեծ մասը գերադասեց չմնալ Հայաստանում։ Վարձակալության գների արհեստական բարձրացումը բերեց նրան, որ շատերը հիասթափված հեռացան։ Երկիրը մեծ օգուտներ կարող էր ստանալ այս իրավիճակից, բայց իշխանություններն այդպես էլ չկարողացան օգտվել դրանից։

Իհարկե, Ռուսաստանից եկած մի քանի հազար քաղաքացիներ շարունակում են մնալ Հայաստանում։ Նրանց մի մասն աշխատում է այստեղից։ Խոսքը հատկապես ՏՏ ոլորտի ընկերությունների ու մասնագետների մասին է։ Բայց հավանաբար շուտով նրանք ևս կհեռանան։

Այս անգամ պատճառը դրամի արժևորումն է, որը մեծապես հարվածում է ՏՏ ոլորտում գործող ընկերություններին։ Դրանք աշխատում են գերազանցապես դրսի պատվերներով։ Եկամուտներն էլ գոյանում են հիմնականում դոլարով և եվրոյով։

Հայկական ֆինանսական շուկայում դոլարի և եվրոյի էժանացման հետևանքով այդ ոլորտում գործողները կորցնում են իրենց եկամուտները։ Եթե նախկինում մատուցված ծառայության դիմաց ստացվող, պայմանական ասած, 1 մլն դոլարը փոխարկում էին և ստանում 480-490 մլն դրամ, վճարում էին աշխատավարձ, հարկեր և կատարում մյուս ծախսերը, հիմա ստանում են 420-430 մլն դրամ։ 60 միլիոնի կորուստ են ունենում։

Այն եկամուտները, որոնք մնում էին կազմակերպություններին, այլևս չեն մնում։

Նախկինում 15 տոկոսից ցածր շահութաբերությամբ աշխատող կազմակերպությունները նույնիսկ վնասով են աշխատում։ Ստիպված են աշխատավարձ իջեցնել, ինչը նպատակահարմար չի համարվում՝ հաշվի առնելով մասնագետների բարձր պահանջարկը, կամ այլ, ավելի հարմար վայր գտնել գործունեությունը շարունակելու համար։

Սա առաջիկայում կարող է դառնալ Հայաստանում հաստատված ռուսական ՏՏ բիզնեսի ու մասնագետների տեղափոխման հերթական շարժառիթը։

Արդեն խոսվում է, որ ոլորտի որոշ ընկերություններ կանգնած են փակման վտանգի առաջ։ Խնդիրները սրվել են հատկապես փոքրերի մոտ։ Խոշորները, որոնց հնարավորություններն ավելի շատ են, դիմանում են ու դեռ կարող են դիմանալ։ Փոքրերի պարագան այլ է։ Նման դեպքերում նրանք չեն կարողանում երկար աշխատել վնասներով։

Առաջիկայում կտեսնենք, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, և այս իրավիճակը ինչպե՞ս կազդի Ռուսաստանից Հայաստան տեղափոխված բիզնեսի, մասնավորապես՝ ՏՏ ոլորտի վրա։

Մինչ այդ, պաշտոնական տվյալները հաստատում են, որ հակամարտության սկզբնական շրջանում այդ երկրից Հայաստան տեղափոխված քաղաքացիների մեծ մասն արդեն հեռացել է։ Սպասվում է, որ մյուսների կհեռանան՝ ստեղծված անհարմարությունների պատճառով։

Թեև հակամարտության սկզբնական շրջանում խոսվում էր նաև Ուկրաինայից մարդկային հոսքերի ավելացման մասին, այնուհանդերձ դրանք մեծ չեն։ Մարտ-ապրիլին այդ երկրից եկել է 4,2 հազար քաղաքացի։ Մեկնել է 3200-ը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս