«Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է. խնդրել ենք որոշում կայացնել մինչև հուլիսի 27-ը». Արամ Օրբելյանը՝ ԲԴԽ ներկայացված բողոքի մասին

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին բողոք է ներկայացրել իրեն 23.06.2022թ. կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 16.06.2022թ. կայացրած և 23.06.2022թ. հրապարակած որոշմամբ բավարարել է հանձնախմբի միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազար­յանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն որոշել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավա­սության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

Ըստ բողոքի՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պա­տասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է 16.06.2022թ., ինչից հետո ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բողոքարկողը նախ­կինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և այդ հանգամանքները կարող էին ազդել որոշման վրա:

Հաջորդիվ շարադրված են այդ հանգամանքները:

168.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արամ Օրբելյանն ասաց՝ բողոքի հիմքում դրված են երկու հիմնական հիմքեր:

«Մեկն այն է, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ որոշումը կայացնելու պահին առկա են եղել բացարկման ենթակա մարդիկ, և երկրորդը, երբ պարոն Վարդազարյանի բացակայությունը հարգելի համարելու հիմնավորումներ կային, որոնք և ներկայացրել ենք: Եվ իմ՝ այլ դատական նիստի ներկա գտնվելու հիմքի և Ռուբեն Վարդազարյանի բացակայությունը հարգելի համարելու, այսինքն՝ նրա առողջական վիճակին վերաբերող բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում գտնում ենք, որ մեր բողոքը պետք է բավարարվի»,- ասաց Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը՝ հավելելով՝ կցել են նաև այն բովանդակային առարկությունները, որոնք ներկայացված պիտի լինեին նիստի ժամանակ, եթե նիստը հետաձգվեր:

Արամ Օրբելյանը նշեց՝ որոշումը դեռ չեն ստացել: Ստանալուց հետո կքննարկեն նաև դրա հիմքում դրված օրենքների սահմանադրականության և միջազգային ատյաններում բողոքարկելու հարցը, եթե նման անհրաժեշտություն առաջանա:

«Բայց քանի որ և Դատական օրենսգիրքը, և ԲԴԽ աշխատակարգը սահմանում են ԲԴԽ-ի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ նաև չենթարկելու որոշումների բողոքարկման հնարավորություն՝ ներկայացնելով այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և որոշման հիմքում չեն դրվել, դրա համար մենք ըստ էության բողոք չենք ներկայացնում, այլ այն հանգամանքները, որոնք որոշում ընդունելիս հաշվի չեն առնվել»,- ասաց Արամ Օրբելյանը:

Ըստ պաշտպանի՝ այդ հանգամանքները պայմանականորեն չորսն են: Դրանցից մեկը վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին տված հարցազրույցին, որտեղ վերջինս ուղղակիորեն նշել է, որ ինքը քննարկումներ ու բանակցություններ է ունեցել Ռուբեն Վարդազարյանի հետ՝ նպատակ ունենալով նրան հեռացնել պաշտոնից ինչ-ինչ պատճառներով:

«Ակնհայտորեն Ջհանգիրյանն ուներ հետաքրքրություն, և այդ հետաքրքրությունը կապված չէր կոնկրետ զանցանքի կամ խախտման հետ: Ուղղակիորեն Գագիկ Ջհանգիրյանն այդ հարցազրույցի մեջ նշում է, որ Ռուբեն Վարդազարյանին պաշտոնանկ անելու ժամկետը նոյեմբերի 9-ից հետո բաց էին թողել, հարմար առիթ չկար, այսինքն՝ բացահայտորեն երևում է, որ ինքն ունի հետաքրքրություն»,- ասաց Արամ Օրբելյանը:

Երկրորդը, ըստ նրա, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանին բացարկ հայտնելու հարցն է՝ երկու տարբեր դեպքերում ակնհայտ տարբերակված մոտեցում ցուցաբերելու համար: Վերջինս ասել է, որ մինչ որոշումը հրապարակելը փաստորեն Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցել են քննարկում, տրվել են բացատրություններ, որոնք իրեն բավարարել են, բայց, իհարկե, վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ձայնագրության ամբողջական տարբերակը: Ըստ էության ԲԴԽ-ի 3 անդամի բացարկ հայտնելու հիմքեր կան:

«Նման հնարավորություն չի տրվել Ռուբեն Վարդազարյանին: Ավելին, ոչ միայն չի տրվել առանձին քննարկելու հնարավորություն, այլև դատական նիստը չի հետաձգվել: Ավելին, երբ ԲԴԽ դատավորներից մեկ-երկուսը նշել են, որ հարցեր ունեն, նրանց նույնպես այդ հնարավորությունը չի տրվել: Այսինքն՝ մի դեպքում կասկածի տակ է դրվում կամ հավելյալ ապացույցներ են բերվում ձայնագրության առկայության դեպքում, մյուս պարագայում տպագիր հարցազրույցի հիմքով, առանց փորձ անելու պարզել, այդ թվում՝ նույն ԶԼՄ-ից՝ արդյո՞ք ամբողջական է, թե՞ ոչ, կա՞ ձայնագրություն, թե՞ ոչ, հնարավո՞ր է՝ կոնտեքստ փոխված լինի,  առանց լրացուցիչ հարցադրումներ անելու՝ կարգապահական պատասխանատվության են ենթարկում անձին»,- ասաց Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ նմանատիպ հանգամանքներ կան նաև՝ կապված ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանի՝ Ազգային ժողովում տված ճեպազրույցում հնչեցված մտքերի հետ:

«Նա նշեց, որ կարգապահական վարույթ հարուցելու համար սպասում են ամբողջական ձայնագրությանը: Այսինքն՝ կա ձայնագրություն, ձայնագրությունում ակնհայտորեն կան հիմքեր, և ամբողջական ձայնագրության անհրաժեշտություն նման հարց քննարկելու համար, ես կարծում եմ, եթե կիրառեինք նույն ստանդարտը, ինչ պարոն Վարդազարյանի դեպքում, չէր լինի»,- ասաց Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով՝ իրենց խնդիրն այն չէ, որ Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեն, չնայած նրա դեպքում անցել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վաղեմության մեկ տարին, այլ այն, որ մի դեպքում հավելյալ ապացույցներ են ուզում, մյուսում՝ ոչ ապացույց են ուզում, ոչ էլ հնարավորություն են տալիս բացատրություններ տալու:

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ իրենց՝ այսօր ներկայացված բողքի մեջ նույնպես այդ հարցը կա, և ԲԴԽ-ն պետք է քննարկի ու այդ մասով նույնպես որոշում ընդունի:

«Հաջորդ հարցը, որը բարձրացրել ենք, Ռուբեն Վարդազարյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցն է, նիստին նրա բացակայության պատճառը: Ես ներկայացրել էի դիմում, որ նիստի ու նիստին նախորդող օրը Ռուբեն Վարդազարյանն առողջական խնդիրներ է ունեցել՝ պայմանավորված բարձր ճնշումային ֆոնով, արևի ակտիվությամբ: Ներկայացրել ենք շտապօգնության համապատասխան տեղեկանք, որում հստակ երևում է, որ այդ օրը՝ նիստից հետո, եղել է կանչ, Ռուբեն Վարդազարյանի ճնշումը բավականին բարձր է եղել, կա համապատասխան դիագնոզ, որը նույնպես կցված է բողոքին»,- նշեց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը նկատեց՝ կա կայուն դատական պրակտիկա, որ երբ անձը ապացույցներ է ներկայացնում, որ առողջական վիճակով պայմանավորված չի ներկայացել նիստին, գործը հետո քննվում է:

Հարցին՝ ի՞նչ ժամկետներում են ակնկալում ստանալ իրենց բողոքի հարցով որոշումը, Արամ Օրբելյանը պատասխանեց՝ օրենքը սահմանում է ժամկետներ, որոնք բավականին երկար են՝ երկու ամիս, բողոքը պետք է քննվի գրավոր ընթացակարգով, բայց եթե ԲԴԽ-ն որոշում ընդունի, կարող է նաև բանավոր ընթացակարգով քննություն իրականացվել, և այդ դեպքում նիստ կնշանակվի 30 օրվա ընթացքում:

«Ամերիկյան մի ասացվածք կա՝ «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է: Երեկ ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, որ հուլիսի 27-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է, իսկ դա պայմանավորված է բացառապես Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարմամբ, որովհետև դատավոր անդամներից Սերգեյ Չիչոյանի՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրվելը չի նշանակում, որ նա դադարեցնում է իր անդամությունը ԲԴԽ-ին: Այս պարագայում ԲԴԽ-ն կարող է արագ որոշում կայացնել, և դատավորների ընդհանուր ժողովն իմանա՝ ընտրե՞լ, թե՞ ոչ ԲԴԽ անդամ: Ի՞նչ է լինելու, եթե Ժողովն ընտրի ԲԴԽ անդամ, հետո պարզվի, որ սխալ էր Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը: Բազմաթիվ անիմաստ վեճեր կարող են առաջանալ»,- ասաց Արամ Օրբելյանը:

Պաշտպանը նկատեց, որ ԲԴԽ-ն նաև նախագահ պետք է ընտրի, որովհետև ըստ էության նախագահի լիազորությունները դադարեցվել են:

«Դրա համար ես խնդրել եմ ԲԴԽ-ին որոշում ընդունել մինչև հուլիսի 27-ը, որովհետև կառույցն ունի այդ հնարավորությունը: Կամ պետք է ԲԴԽ նախագահ չընտրեն, կամ որոշում կայացնեն մինչև ընտրելու վերջնաժամկետը»,- եզրափակեց Արամ Օրբելյանը:

Տեսանյութեր

Լրահոս