Կապկի ծաղիկը սպասվածից 6-12 անգամ ավելի արագ է մուտացիայի ենթարկվում

Պորտուգալիայի գիտնականները չափել են կապկի ծաղիկի վիրուսի մուտացիաների արագությունը: Այդ մասին հաղորդել է բժշկական տեղեկատվության Medical Xpress պորտալը:

Առողջության ազգային ինստիտուտի եւ Լուսոֆոնի համալսարանի հետազոտողներն անցկացրել են վիրուսի գենետիկ ուսումնասիրություն, որի նմուշները վերցվել են 15 հիվանդներից: «Նրանք հայտնաբերել են, որ վիրուսը մուտացիայի է ենթարկվել 6-12 անգամ ավելի մեծ արագությամբ, քան սպասվում էր: Հետազոտողներն այն կարծիքին են, որ վիրուսի մուտացիայի արագության անսպասելի մեծացումը կարող է այն բանի նշան լինել, որ վիրուսը մշակել է մարդկանց վարակելու նոր եղանակ. ներկայում կարծում են, որ այն մարդուց մարդուն է փոխանցվում բաց ախտահարումներով սերտ շփման դեպքում՝ օրգանիզմի հեղուկի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, որոնք նման են կապկի ծաղիկին, սովորաբար մուտացիայի են ենթարկվում տարեկան մեկ կամ երկու անգամ: Գիտնականների կարծիքով, մուտացիաներից մի քանիսը կարող են պայմանավորված լինել մարդու իմունային համակարգի ներգործությամբ, մասնավորապես, APOBEC3 տեսակի ֆերմենտներով, որոնք սպանում են վիրուսները՝ սխալներ առաջ բերելով գենետիկ կոդի պատճենման դեպքում: «Եթե որոշ վիրուսներ կրել են նման գրոհ եւ փոխանցել իրենց գեները, նրանք (վիրուսների) ապագա սերունդներին առավելություն կտային մարդու իմունային համակարգի հանդեպ: Եվ դա կարող է բացատրել, թե ինչու է վիրուսն ավելի արագ մուտացիայի ենթարկվում, քան սպասվում էր»,-նշում է հրատարակությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս