Ռուսական կողմն Այգեպարի հատվածում մոդուլային ավա՞ն է կառուցում
Հունիսի 17-ի Կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012 թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը:
Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:
Նշվում է նաև, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում մատնանշված անվտանգային, արտաքին քաղաքական մի շարք գործոններից:
168.am-ի տեղեկություններով, ռուսական կողմը Այգեպարի հատվածում մոդուլային ավան է կառուցում:
Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Շինարարություն գնում է, բայց թե ո՞վ է սարքում, ո՞ւմ համար են սարքում՝ ես չգիտեմ, մեր ֆունկցիան չի: Գյուղից մոտ 1 կմ հեռու է: Մարզպետարանից ձեզ ավելի հստակ կպատասխանեն»:
Դիմեցինք Տավուշի մարզպետարան, որտեղից մեզ ասացին, թե իրավասու չեն նման տեղեկատվություն տրամադրել, և առաջարկեցին դիմել Բերդի համայնքապետարան, իսկ այստեղից էլ մեզ հորդորեցին դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Պաշտպանական գերատեսչությունից էլ, ինչպես միշտ, ասացին, որ հարցը գրավոր ուղարկենք։
Գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք: