Չեբուռաշկայի և մարդու արանքում. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանը այցելել էր Եռաբլուր։ Նրան ուղեկցում էին կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, Ամենայն հայոց կաթողիկոսը։ Դա Սերժ Սարգսյանի համար շատ սովորական, պաշտոնական այցելություն էր, արարողակարգի բոլոր նորմերին համապատասխան։
Սակայն, հիմա Սերժ Սարգսյանն ի դժբախտություն իրեն, նաև նախագահի թեկնածու է, և եթե նախկինում միշտ թաքնվել է պաշտոնական արարողակարգի ետև֊ում, ներկայումս իրավիճակը մի քիչ այլ է: Սովորական պայմաններում, օրինակ Եռաբլուրում չէր կատարվի այն, ինչ կատարվել է երեկ։ Ինչպես երևում է «Գալա»-ի տեսագրության մեջ, Եռաբլուրի հուշակոթողից վերադարձի պահին, Սերժ Սարգսյանին են մոտենում երկու կին, որոնցից մեկը լաց է լինում, դժգոհում, որ ապրուստի միջոց չունի, երեխաները հիվանդ են ու սոված։
Տեսագրության մեջ երևում է, թե ինչ ցասումնալի հայացքով է Սերժ Սարգսյանը նայում այդ կնոջը, նրա հայացքը մատնում է մտքում պտտվող բառերը՝ դու ով ես, ընդհանրապես, որ եկել, համարձակվել ես ինձ մոտենալ, սա դեռ քիչ չէ, համարձակվում ես հետս խոսել, մի բան էլ, համարձակվում ես լաց լինել։ Բարձրաձայն, սակայն, Սերժ Սաոգսյանը նախ մի ճշտող հարց է տալիս. «Ձեր որդին զոհվել ա բանակո՞ւմ»։ Երբ կինը ծոր է տալիս, թե «չէ, հիվանդ երեխայ ա», Սերժ Սարգսյանն արդեն բարկացած, գրեթե բղավելով՝ դիմում է այդ կնոջը. «Բա հիվանդ երեխայ ա, եկել ես ստեղ լաց ես ըլնում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:
Երբ գործող նախագահն ու նախագահի թեկնածուն քաղաքացուն նման խոսքերով է դիմում, մնացած ամեն ինչ, այդ թվում և այն, թե ով էր այդ կինը, անկեղծ էր, թե անկեղծ չէր, երկրորդական են դաոնում։
Նախորդ շաբաթ Նազենի Հովհաննիսյանի անվան հետ կապված սկանդալի արդյունքում հայտնի դարձավ, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները բեմականացվում են, նախապես փորձեր են տեղի ունենում, որի ժամանակ ներկաներից յուրաքանչյուրին իր դերն է տրվում, բեմականացվում են ծափողջյուններից սկսած, թեկնածուի համար ճանապարհ բացելուց և վանկարկումներից վերջացրած բոլոր գործողությունները։ Սա նշանակում է նաև, որ Սերժ Սարգսյանին տրվող հարցերը նույնպես սցենարով են մշակվում, ինչպես նաև, սցենարի մեջ են մտնում, «քաղաքացիների» կողմից հնչած ելույթները։
Արժե, որ Սերժ Սարգսյանից «ժողովրդական նախագահի թեկնածու» սարքել ցանկացողները հստակ բաժանեն նախագահի թեկնածու Սարգսյանի գրաֆիկը, գործող նախագահ Սարգսյանի գրաֆիկից։ Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը այցելում է մի վայր, որպես գործող նախագահ, չպետք է տրվեն նրանից ժողովրդի կողմից սիրված և ընտրապայքարում ֆավորիտ հանդիսացող նախագահի թեկնածուի կերպար ստանալու մոլուցքին։ Պետք է թույլ տան, որ սովորականի նման փակեն բոլոր ճանապարհները, նրա գտնվելու վայրին, 100-200 մետր շառավղով, շնչավոր ոչինչ չմոտենա։ Թիկնապահներին պետք է թույլ տան օձիքից բռնել և հեռու շպրտել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն ճեղքել պատնեշները և մոտենալ Սերժ Սարգսյանին։
Իսկ ահա «ժողովրդի կողմից սիրված», «ժողովրդավար, բարի, մարդկային, օրենքի և Սահմանադրության երաշխավոր նախագահի» կերպար Սերժ Սարգսյանին պետք է հաղորդեն միայն քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող, նախապես բեմականացված նրա հանդիպումների ընթացքում։ Այստեղ ահա, կարելի է մոտ թողնել բոլորին, որովհետև յուրաքանչյուրն իր անգիր արած տեքստն ունի։
Պետք չէ սահմանափակվել միայն Դավիթաշենի հանդիպման ժամանակ հնչած և «Չեբուրաշկայի ելույթ» պատվավոր անունը վաստակած ելույթներով։ Արժե օրինակ, որ հանդիպումներից մեկից առաջ, «պատահական» մի կին մոտենա Սերժ Սարգսյանին, դժգոհի իր սոցիալական վիճակից, հուզվի, իսկ Սերժ Սարգսյանը գրպանից հանի թաշկինակն ու սրբի այդ կնոջ արցունքները։ Հատուկ էֆեկտի համար արժե, որ մի երկու արցունք էլ Սերժ Սարգսյանի աչքից գլորվի։
Հրաշալի նախընտրական հոլովակ կարելի է պատրաստել այդ տեսարանից։ Թե չէ՝ «Եկել ես մեր տոնը խանգարում ես, լաց ես ըլնում»-ը պիտանի չէ, սրանից, նույնիսկ Հյուսիսային Կորեայում նախընտրական հոլովակ չեն պատրաստի։ Ժամանակն է, որ Սերժ Սարգսյանի փիառշիկները, կոշիկի խոզանակը տարբերակեն ատամի խոզանակից, թե չէ` շիլաշփոթ են ստեղծել, թեկնածուն գիտի իրեն հերթական Չիբուռաշկան է մոտենում, բայց պարզվում է այնտեղ իսկական մարդ է»: