Արայիկ Հարությունյանի հովանավորյալ, Կառավարման ակադեմիայի «պրոբլեմ» չունեցող ռեկտորի նորամուծությունները՝ ընկերներ, քաղաքական ազատումներ, ինքնիրավչություն

Օրերս «Ժողովուրդ» օրարթերթն անդրադարձել էր Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում ՔՊ-ական իշխանությունների թեթև ձեռքով ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանի օրոք տիրող արատավոր բարքերին:

Այն մասին, որ նորանշանակ ռեկտորը քաղաքական այլախոհ հայացքներ ունեցող դասախոսների հետ չի երկարաձգում պայմանագրերը, 168.amգրել էր դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին՝ տեղեկացնելով, որ Խաչատուր Ղազեյանը իսկական ջարդ է սկսել ակադեմիայում. պայմանագրերը չեն երկարաձգվում ակադեմիայի՝ ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող դասախոսների հետ: Այդ մասին հայտարարել էին ՀՀԿ-ականններ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը և Հայկ Մամիջանյանը, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը: Ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաև Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը:

Խաչատուր Ղազեյանը, իհարկե, կայքի հետ զրույցում հերքել էր իր կառավարման սկզբունքների վերաբերյալ պնդումները, ասել, որ եթե խնդիրը լիներ ազատված աշխատակիցների քաղաքական հայացքները, ապա իրենց մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գևորգ Դանիելյանը:

Առաջ ընկնելով՝ ասենք, որ իր նշած անձինք, մեր տեղեկություններով, ազատվողների հերթում են. նոր ռեկտորն այդ հարցերը լուծում է փուլ առ փուլ:

«Ինչ վերաբերում է ակադեմիայում տիրող մթնոլորտին, ապա այստեղի հնաբնակները զարմացած են, թե ինչպես կարող էր Խաչատուր Ղազեյանը, որ ուսման վարձերի ստացականներն էր հավաքում ու լսարանային հարցերը կարգավորում, միանգամից ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, կամ ինչպես ստացվեց, որ ուսումնական գծով պրոռեկտոր նշանակվեց թեկնածուական չպաշտպանած Էդգար Առաքելյանը: Հայաստանում, ի դեպ, պետական երկրորդ բուհը դժվար թե գտնվի, որտեղ պրոռեկտորը կարող է չպաշտպանած լինել»,- գրել էր կայքը:

Ինչևէ, 168.am-ը որոշեց գնալ հրապարակման հետքերով: Նախ պարզեցինք, որ նոր պրոռեկտորի անունը ոչ թե Էդգար Առաքելյան է, այլ Էդգար Ալեքսանյան: բուհ-երի վարչության պետն է եղել, և ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն իրավացիորեն նշել էր, գիտական կոչում չունի: Բայց դա չի խանգարել նրան դառնալ ուսումնական գծով պրոռեկտոր, քանի որ ռեկտոր Խաչատուր Ղազեյանի ընկերն է:

Մեր տեղեկություններով՝ գիտությունից ու գիտաչափության չափորոշիչներից կիլոմետրով հեռու մարդ է նորանշանակ պրոռեկտորը:

«Իբր նշանակել է, որովհետև օրենքներին լավ է տիրապետում, որ ռեկտորի ապօրինությունների փաստաթղթային ձևակերպումներում թերություն չլինի, բայց ինչպես գիտությունից, այնպես էլ օրենքներից հեռու է Էդգար Ալեքսանյանը: Կոլեկտիվը լուրջ չի ընդունում, բոլորն էլ հիասթափված են»,-ասաց Կառավարման ակադեմիային մոտ կանգնած մեր աղբյուրը:

Մեր տեղեկություններով՝ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանն առիթ է փնտրում, որ  աշխատողների աշխատանքում որևէ թերություն գտնի՝ հավելավճարից կտրելու համար, և իրականում մարդիկ ամենաչնչին թերության համար զրկվում են հավելավճարից: Հավելավճարներն էլ տալիս է, բնականաբար, իր հայեցողությամբ:

«Բոլորը լարված ու վախի մթնոլորտում են աշխատում: Փող քիչ դուրս տալու համար նոր պրոռեկտորի հետ նոր ուսումնական տարվա համար յուրաքանչյուր կրթական ծրագրի գծով ուսումնական պլաններից շուրջ 10-ական առարկա առանց լուրջ հիմնավորման կրճատել են՝ որևէ ընթացակարգ չպահելով»,- ասացին մեզ:

Մեր աղբյուրի խոսքով՝ ուսումնական պլանների բովանդակությունը որոշվում է ամբիոնում` հաշվի առնելով տվյալ կրթական ծրագրի շրջանակներում սովորողներին փոխանցվող վերջնարդյունքները (գիտելիք, հմտություն, կարողություն), ամբիոնի դասախոսների հետ քննարկելու և տվյալ մասնագիտության պահանջները հաշվի առնելու արդյունքում: Բայց այս դեպքում առարկաների կրճատումն իրականացվել է ռեկտորի անմիջական ուղղորդմամբ: Իսկ ընթացակարգը ավելի ուշ հարմարեցվել է դրան: Արդյունքում տուժել է մասնագիտական բովանդակությունն ու որակը:

«Կրճատումները շատ դեպքերում կրել են անձնավորված բնույթ. դրանով նաև ազատվել են «անցանկալի» դասախոսներից: Ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանյանը բացարձակ պատկերացում չունի ուսումնական գործընթացի նրբություններից, ինչը նաև բացասական է անդրադառնում որակի վրա ամբողջությամբ: Չունենալով գիտական աստիճան՝ կուրացիա է անում նաև գիտության ոլորտը, որի արդյունքում, ստեղծված դժվարությունների պատճառով ռեկտորը նոր խորհրդականներ է աշխատանքի ընդունել գիտության  և իրավական հարցերով: Ի դեպ, վերջինս կրկին ռեկտորի ընկերն է»,- ասաց ՊԿԱ մեր աղբյուրը:

Հավելեցին նաև, որ վերջինս, ենթադրվում է, ընդունվել է աշխատանքի՝ նախապես զգալով դատական հայցերի վտանգը:

«Ակադեմիան լցրել է ընկերներով ու մտերիմներով: Նախկին աշխատողներին ազատեց՝ հղում անելով օպտիմալացմանը, իբրև հաստիքներ է միավորելու (վարորդ+տնտեսական բաժնի պետ և այլն), բայց հետո ոչ միայն չմիավորեց, այլ ընկերներին նշանակեց պաշտոններում»,- ասաց մեր զրուցակիցը:

Տեղեկացանք նաև, որ  ռեկտոր Խաչատուր Ղազեյանի պնդմամբ՝ ինքն ամբողջությամբ վայելում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ու, մասնավորապես, դրա ղեկավար Արայիկ Հարությունյանի աջակցությունը և իր գործողությունների մասով որևէ «պրոբլեմ» չունի:

Տեսանյութեր

Լրահոս