Փաշինյանն օգտագործում է ոստիկանի համազգեստի մեջ մտած հանցագործների. Արծվիկ Մինասյան
«Զանգվածային անկարգությունների կազմակերպման, սադրանքների գործում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը չէր լինի Նիկոլ Փաշինյան, եթե չփորձեր զանգվածային անկարգություններ հրահրել և սադրել: Ես ուզում եմ էս մարդու կերպարը ձեզ հիշեցնել: Էս մարդը մարտի 1-ին փառավորված կերպով հայտարարում էր, թե ինչ լավ է, որ ոստիկանների ձեռքից խլել եք էս ամենը, ինչ լավ է, որ զինվում եք մետաղական ձողերով, հրկիզումներ էր կազմակերպում ու հրահրում: Էս մարդը մարտի 1-ին՝ որպես ընդդիմություն, կարողացավ ակտիվ հրահրել զանգվածային անկարգություններ, ինչի հետևանքով 10 զոհ եղավ, բազմաթիվ վիրավորներ: Էս մարդը նաև հայտնի ՊՊԾ գնդի ժամանակ Սարի թաղում հայտված մարդն էր, որը սադրանքների մեծագույն վարպետությամբ կարողանում էր իր խոսքերն ու գործողությունները գցել ժողովրդի վրա: Հիմա էս մարդը որպես իշխանություն է ուզում էդ «հաճույքը» ստանալ, որը նրա անլիարժեքության, նրա մանկամտության, նրա ժողովրդին ջարդելու, սադրանքների մեջ ներքաշելու լավագույն ցուցիչն է: Չի բացառվում, որ հետագայում էլ, եթե մեր քաղաքացիներն ու իրավապահները հանդուրժեն, այս անձը կշարունակի սա: Հետևաբար՝ մայիսի 30-ին և հունիսի 3-ին կիրառած բռնությունների և պատճառած վնասների, անօրինական ձերբակալումների, չհիմնավորված մեղադրանքների ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա է»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, քաղաքական իշխանություն կոչվածը, հասկանալով, որ չի կարողանում նվազեցնել անընդհատ մեծացող ու ուժգնացող՝ հրաժարականը պահանջելու հանրային ձգտումները, որոշել է օգտագործել հմտացած գործակալների, սեփական գրպանի համար մարդկանց մահվան տանելու պատրաստ անձանց, ոստիկանության համազգեստի մեջ քողարկված, բայց էությամբ հանցագործ անձանց իր արատավոր նպատակների համար:
«Նիկոլ Փաշինյանն ու նրա բանդան ոչ թե՝ հայ ժողովրդի պետականության մասին են մտածում, այլ՝ բացառապես սեփական աթոռների: Չի կարող պետականության մասին մտածող մարդը Հայաստանի ու Արցախի դրոշը ծածանող մարդուն գետնին տապալել: Սա կարող է անել միայն մի մարդ, ով խորությամբ ատում է հայոց պետականությունը, ոչնչով չտարբերվելով մեր թշնամիներից: Չի կարող ոստիկանական համազգեստ հագած մարդը հարված հասցնել պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հորը, պատռել Հայկազի նկարով հագուստը: Նման մարդիկ չեն կարող Հայաստանի Հանրապետության հետ կապ ունենալ»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Դեմիրճյան