Բաժիններ՝

«Կրթական ռեֆորմի այս փուլում ուղիղ թիրախի տակ է ՀԱՅակենտրոն ուսուցումը». Աննա Աղլամազյան

«Սևանի դպրոցում կատարվածը, ցավոք, ընդամենը ծաղիկներն են․․․ Բանն այն է, որ մերօրյա կրթական ռեֆորմի առանցքային բաղադրիչներից են նախագծային կրթությունը և բազմատեսանկյուն մեթոդաբանության ներմուծումը դպրոց։ Այս ամենի ավելի դառը և վտանգավոր պտուղները մենք դեռ կճաշակենք, եթե մեր կրթության բովանդակությունը ենթարկվի այն «բարե»փոխումներին, որոնք նախաձեռնել է փաշինյանական կառավարությունը։

Իսկ թե ինչ է մեզ սպասվում մասնավորապես «Հայոց պատմության» դասավանդման ոլորտում, ութ հակիրճ կետերով փորձել եմ ցույց տալ հոդվածներիցս մեկում։
Ահա՝

1) Բազմատեսանկյուն մեթոդաբանության ներդնումը հասարակագիտական առարկաների դասավանդման մեջ ունի նախ և առաջ ՔԱՂԱՔԱԿԱՆ նպատակ։ Սրա զուտ կրթական առավելությունները կարոտ են խորը հետազոտման և հիմնավորման։ Այս մեթոդաբանության ներմուծումը ոչ թե Հայաստանի՛ կրթական համակարգի առաջնահերթությունն է, այլ սույն ռեֆորմը ֆինանսավորողների քաղաքական պահանջը։

2) Հանրակրթության ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ անթույլատրելի չափով բացվում է օտար կառույցների առաջ, որոնք մեծապես կամ ամբողջությամբ քաղաքականացված են և ծառայում են այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի շահերին։ Այս կառույցների թելանդրանքի տակ է՛լ ավելի կռանալու դեպքում չեն ուշանալու հաջորդ հրավիրատոմս-հարվածները: Օրինակ` կողմերին կհրավիրեն համատեղ ծրագրերի միջոցով գրել տարածաշրջանային պատմության դասագիրք, որտեղ հայկական կողմին կստիպեն «հաղթահարել ամենագետ մեկ ձայնի պատումը»՝ ի սեր թրքահաճ բազմաձայնության։

3) Կրթական ռեֆորմի այս փուլում ուղիղ թիրախի տակ է ՀԱՅակենտրոն ուսուցումը։ Ահա թե ինչու, այս մեթոդաբանությունը ներմուծվում է հենց դպրոց․ բուհում, օրինակ, արդեն ուշ կլինի եղած «կոնստրուկտները կազմալուծելը»։ Փորձ է արվելու թուլացնել և քանդել հայակենտրոն ուսուցումը մեր դպրոցում, իսկ Հայոց պատմության դասավանդումը տանել քաոսի:

4) Արդեն իսկ մեկնարկել և շարունակվելու է մեր դպրոցից ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ գիտական-ակադեմիական միտքը դուրս մղելու գործընթացը։ Չնայած անդրեասյանների հոգին դուրս եկավ կրկնելով, որ այս գործընթացը «մասնակցային է», սակայն նոր չափորոշիչները մշակվեցին ԱՌԱՆՑ հայաստանյան մասնագիտական կենտրոնների մասնակցության և ընդունվեցին այն դեպքում, երբ այդ չափորոշիչներն ամբողջությա՛մբ մերժել էին ԵՊՀ-ն, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիան։:

Որևէ մեկը չի կարող ժխտել հայաստանյան գիտական ոլորտում եղած բազմաթիվ հիմնախնդիրները և խորը խոցերը։ Որքա՛ն խոսուն է միայն այն փաստը, որ մեր պատմահայր Խորենացուն «խաբեբա» անվանողների գործունեությունը տարիներ շարունակ անհրաժեշտ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ չի հանդիպել: Այնինչ, այսպիսի թեզերը պետք է հանդիպեին գիտական կուռ հակափաստարկների, իսկ դրանց հեղինակների գործունեությունն արժանանար հիմնավոր գնահատականի, այլ ոչ թե թույլ տրվեր, որ Հայաստանում ծիլեր տան թոմսոնների, սյունիների և գյորգյուլուների տեսակետները։ Եղած խոցերը պետք է տքնաջան աշխատանքով ԲՈՒԺԵԼ, ոչ թե կենսական օրգանը կտրել-դեն շպրտել (որից հետո հայտնի է, թե ինչ կլինի օրգանիզմի հետ):

5) Մերօրյա ինքնահռչակ լուսավորիչները կույր են ոչ միայն մտքով, այլև աչքով։ Նրանք չեն տեսնում այն փաստը, որ տասնամյակներ շարունակ հայոց պատմության դեմ մղվում է կատաղի պայքար․ մեր պատմության՝ արդեն ապացուցված փաստերը շարունակաբար խեղաթյուրվում ու աղճատվում են, քաղաքական նպատակներով նսեմացվում են հայոց պատմության՝ կարևորագույն նշանակություն ունեցող էջերը։ Նրանք առանց վարանելու հայ դպրոցի դռները լայնորեն բացում են կեղծ հայագետների առջև, ինչը նրբորեն քողարկված է տարատեսակ աղբյուրներով աշխատելու թեզի տակ։

6) Ուսուցման բազմատեսանկյուն մեթոդն ավելի երկարաժամկետ կտրվածքով նշանակելու է դպրոցից դուրս մղել դասագիրքը՝ որպես գիտելիքի հիմնական կամ միակ աղբյուր, իսկ ուսուցչին հրել-նետել բազմատեսակ աղբյուրներով աշխատելու ծուղակը։ Մեր ուսուցչին շարունակելու են սիրաշահել իբր մեծ ազատություններ ունենալու խոստումներով, իսկ իրականում նրան թողնելու են մեն-մենակ՝ գաղափարական հնարավոր ու անհնար հարձակումների առաջ։

7) Կրթական ռեֆորմի գլուխն անցած կեղծ պացիֆիստները ձևացնում են, թե իբր հանուն խաղաղության մենք կարող ենք որդեգրել այլ երկրների փորձը։ Նրանք զբաղվում են աճպարարությամբ և կեղծում են, թե իբր առկա հակամարտությունը նույն հարթության վրա է, ինչ, օրինակ, Ֆրանսիա-Գերմանիա կամ Գերմանիա-Լեհաստան հարաբերությունները։ Սա այն դեպքում, երբ հայ-թուրք-ադրբեջանական հակամարտությունը ռազմավարական մակարդակում մնում է չլուծվա՛ծ։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո և ներկայիս աշխարհաքաղաքական մեծ վերադասավորումների փուլում հասարակագիտական առարկայախմբի համար պետք է մշակվեին ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ` կանխելո՛ւ օտար ներթափանցումները, որոնք իրենց սպասեցնել չեն տալու։ Այնինչ այսօր արվում է տրամագծորեն հակառակը։

8. Հայկական շահերին անհաղորդ այս կատարածուներն անտեսում են, որ 2016 թվականից հետո Թուրքիայում վերափոխվել և ներդրվել է ուսումնական ծրագիր, որը շնչում է պանթուրքական և նեոօսմանյան գաղափարախոսությամբ, ավելի արմատական է, ավելի իսլամացված, իսկ ահաբեկչությունը ցույց է տալիս դրական լույսի ներքո։ Նրանք մոռանում են, որ Էրդողանը 2018 թ․-ին թուրք երիտասարդությանը կոչ էր անում սովորել, թե «ով ենք մենք եղել մի ժամանակ»` ուսումնասիրելով Աբդուլ Համիդ 2-րդի կյանքը։

Այս ամենը պարզապես նվեր է բոլոր այն ուժերին, որոնք հայկական պետականությունը թուլացնելու և ծնկի բերելու նպատակներ ունեն։ Սա ուղղակի անթույլատրելի է և հղի է ծանրագույն հետևանքներով մեր դպրոցի և մեր պետության համար։

Հայակենտրոն ուսուցումը թելադրված և արկածախնդիր «ռեստարտի» ենթարկողները պետք է կանգնեն սերունդների և դատարանի առաջ՝ պատասխան տալու Հայոց պատմությունն առուծախի առարկա դարձնելու համար։

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ․

#Կրթական_ռեֆորմ»։

Աննա Աղլամազյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս