ՀՀ ԶՈՒ զորավարժությունների ժամանակ «Սմերչ» է կիրառվել. 44-օրյա պատերազմը «ստիպել» է շտկումներ կատարել
ՊՆ նախաձեռնությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետևել են հրթիռահրետանային համակարգերի մարտական կրակի ցուցադրությանը. այս օրերին ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում, գործի են դրվել բավականին ուժեր և միջոցներ՝ ականանետերից մինչև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Նպատակը՝ անձնակազմի մարտական պատրաստակամության, մարտունակության ստուգումն է, ինչպես նաև՝ բարոյահոգեբանական որակների զարգացումը, ֆիզիկական դիմացկունության ամրապնդումը, հրամանատարների՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների կատարելագործումը:
«Ստորաբաժանումների մարտական ներդաշնակման գործընթացն ավարտված է, զորավարժությունները դրանց եզրափակիչ ակորդն են, որը կարող է լինել մարտական կամ առանց մարտական հրաձգության»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռուբեն Գասպարյանը՝ նշելով, որ տարեկան նվազագույնը 2-3 զորավարժություն լինում է:
Զորավարժությունների ժամանակ խաղարկվել են և՛ հարձակողական, և՛ պաշտպանողական սցենարներ, և հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, նաև՝ շրջափակման պայմաններում մարտի վարման դրվագներ: Այսինքն, համապատասխան շտկումներ են արվում ուսումնական պլաններում:
Իսկ լրագրողների՝ զորավարժությունների գոտի ժամանելու պահին «Սմերչի» արձակման կայանքներն արդեն տեղակայվել էին, մարտական վիճակի բերվել և սպասում էին հրամանին, սակայն նախքան համազարկային կրակի ռեակտիվ համակարգը գործի կդրվեր, լրագրողները ծանոթանում են դրա հիմնական պարամետրերին:
Նշենք, որ կայանքների բացազատումից հետո զոնդավորման միջոցով ստացվում են համապատասխան մետեոտվյալները՝ քամու ուղղություն, արագություն, ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշում և այլն, անձնակազմը զեկուցում է արդյունքների մասին: Իսկ երբ կատարված են բոլոր անհրաժեշտ հաշվարկներն ու ճշգրտումները, տրվում է կրակի հրաման:
«Սմերչ»-ը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։
Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։
Նշված զորավարժության ժամանակ հզոր համազարկով ճնշվում են պայմանական հակառակորդի կրակակետերը, կենդանի ուժի կուտակումներն ու ենթակառուցվածքները։
Սրանից հետո լրագրողները տեղափոխվում են զորավարժությունների մեկ այլ վայր և հետևում ականանետերից կրակի վարման վարժություններին:
Ի դեպ, ներկա գրեթե բոլոր հրամանատարները, որոնց հետ շփվեցինք զորավարժությունների ընթացքում, ակտիվ մասնակցություն էին ունեցել 44-օրյա պատերազմին՝ Քարվաճառի, հարավային ուղղությամբ ծավալված մարտեր:
Նրանք պատերազմի մասին չխոսեցին…