Արևմուտքի այս պլանն էր նաև պատճառը, որ ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմը չգործարկվեց. վերլուծաբան

Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններին ռուսական արձագանքը երկար սպասեցնել չտվեց: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին նշեց, որ Մոսկվան տեսնում է ԵՄ-ի կողմից Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություններին միջամտելու փորձեր:

Նա մասնավորապես ասել է, որ Մոսկվան ԵՄ-ի կողմից ամենաբարձր մակարդակով համառ փորձեր է տեսնում՝ միջամտելու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրերի գործընթացին:

«Այո, մենք տեսնում ենք ԵՄ-ի համառ փորձերը՝ ամենաբարձր մակարդակով միջամտելու եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացին, հուսով ենք, որ Բրյուսելը ցանկության դեպքում կօգնի դրանք իրականացնել, այլ ոչ թե կփորձի աշխարհաքաղաքական խաղեր տալ։ Դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է Մարիա Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանի ռազմավարական նպատակն է՝ Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։

«Այս ճանապարհին առանցքային խնդիրներից է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Այս ուղղությամբ ջանքերը հիմնված են առաջնորդների միջև եռակողմ պայմանավորվածությունների վրա, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք, և որոնք հետևողականորեն իրականացվում են։ Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Երևանի և Բաքվի գործընկերներին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, հանրային երկխոսության հաստատման և խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- ասել է Զախարովան։

Նա մատնանշել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին, ինչն արձանագրվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիի գագաթնաժողովից հետո երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ և բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում։

«Ռուսաստանն ունի յուրահատուկ փորձագիտական ներուժ հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, հանձնաժողովի գործունեության շրջանակներում սիրով կկիսվենք մեր նյութերով և մշակված մեխանիզմներով հայ և ադրբեջանցի ընկերների հետ։ Ինչպես գիտեք, արդեն ձևավորվել է ռուս փորձագետների թիմ՝ խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Զախարովան։

Ուշագրավ է, որ բրյուսելյան բանակցությունների հաջորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին կայացավ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների անդրանիկ հանդիպումը՝ առանց միջնորդների, չնայած այս գործընթացի մեկնարկից ի վեր որպես միջնորդ էր ներկայանում ՌԴ-ն: Հանձնաժողովների առաջին հանդիպումից հետո, սակայն, ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնեց, որ երկրորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, ինչը կողմերը չեն հերքել:

Ի դեպ, մայիսի 22-ի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, իսկ մայիսի 26-ին՝ հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց՝ ինչպես և կարելի էր ակնկալել, Հարավային Կովկասի շուրջ կրքերը բորբոքվում են, և Ուկրաինայում շարունակվող պատերազմի և աշխարհակարգային ճգնաժամի ֆոնին տարածաշրջանում ականատես ենք լինում տարածաշրջանային տերությունների ու գերտերությունների նոր դրսևորումների, որոնք խիստ արտահայտում են գտնում հատկապես այն հարցերում, խնդիրներում, որոնք կապ ունեն անվտանգության հետ, քանի որ անվտանգությունն ապահովում է Ռուսաստանը:

Ըստ նրա, Ղարաբաղյան հակամարտության շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը պայմանավորված է նաև այս հանգամանքով։

«Եվրոպական տարածաշրջանում վերջին երկու տասնամյակի ընթացքում աշխարհաքաղաքական ցնցումներից, Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելուց հետո արդեն դժվար կլիներ պատկերացնել, որ Արևմուտքը պետք է նախկին մեթոդներով առաջնորդվի մեր տարածաշրջանում: Ներկայումս ականատես ենք դառնում, որ ԵՄ-ն հստակ քայլեր է ձեռնարկում դիվանագիտական դաշտում, ու որքան էլ Ռուսաստանը դեռ ունի ազդեցություն, տարածաշրջանի երկրներն այդ նախաձեռնությունը չեն կարող մերժել, քանի որ, գուցե ոչ կարճաժամկետ, սակայն երկարաժամկետ հեռանկարում պատերազմն իր հետևանքներն է ունենալու Ռուսաստանի համար: Ներկայումս, կարծում եմ, երբ Ռուսաստանը հասկանա, որ Ղարաբաղյան գործընթացում կարևոր լծակներ է կորցնում, կփորձի վերականգնել իր լիարժեք միջնորդական դերակատարությունը՝ փորձելով խոչընդոտել արևմտյան ջանքերին: Այդ ջանքերը այս փուլում, կարծես, թերագնահատվում են»,- նկատեց վերլուծաբանը:

Նա այն կարծիքին է, որ թեև գործընթացը վարում է ԵԽ նախագահը, սակայն այն ունի հավաքական Արևմուտքի և գլխավորապես՝ ԱՄՆ աջակցությունը:

«Այդ հարցով ԱՄՆ-ը անընդհատ շփումների մեջ է թե՛ կողմերի, թե՛ ԵՄ-ի հետ: Սա, ելնելով մի շարք հանգամանքներից՝ լավ դիրք է ԱՄՆ-ի համար, քանի որ ԱՄՆ-ը բոլոր հարցերում արևմտյան գծի հովանավորի դիրքում է և ոչ իրականացնողի, հատկապես, որ տարածաշրջանն ավելի մոտ է ԵՄ-ին, և ԵՄ-ի շահերը այստեղ շատ ավելի մեծ են»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, քանի դեռ ուկրաինական պատերազմի հարցում որոշակիություն չկա, մի շարք լարված օջախներում խմորումները շարունակվելու են:

«Դա ներառում է նաև Հարավային Կովկասը և Ղարաբաղյան հակամարտությունը: Արևմուտքի այս պլանն էր նաև պատճառը, որ ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմը չգործարկվեց, թեև, կարծես, այս փուլում Ռուսաստանը ցանկանում էր, որ համանախագահներն աշխատեն, բայց Արևմուտքը մերժեց և անջատ գործընթաց սկսեց, որը բնականոն ընթացք ունի, թեև ԵՄ-ն այս հակամարտությունում աշխատելու որևէ փորձ չունի»,- ասաց վերլուծաբանը:

Նա նշեց, որ Ռուսաստանը շատ լավ հասկանում է՝ ինչ է տեղի ունենում, և ժամանակ առ ժամանակ տարածվող դիվանագիտական հայտարարությունները, դժգոհություններն Արևմուտքի միջատությունից նրա համար են, որպեսզի Մոսկվան ցույց տա, թե ինչ որ բան ասում է:

«Դեռ մի քանի ամիս առաջ Պուտին-Միշել, Պուտին-Մակրոն մակարդակով հակամարտությունը քննարկվում էր, ռուսական կողմը տեղյակ էր արևմտյան նախաձեռնություններից, պարզապես ռուսական կողմը սկսում է մտավախություններ ունենալ, որ կարող է լիովին կորցնել միջնորդական դերակատարությունը: Սակայն, որպեսզի այս գոտում ևս չլինի լարվածություն՝ ուկրաինական պատերազմի ընթացքում այս գոտում կտրուկ իրադարձություններ չեն լինի, իրավիճակը երկու կողմից կպահվի վերահսկելի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս