Կամերային թատրոնի օդորակիչները գողացել են. նորը ձեռք բերելու համար ճանապարհներ ենք փորձում գտնել. Լուսինե Երնջակյան
«Մայիսի 20-ից սկսած՝ Երևանի պետական կամերային թատրոնը բոլոր ներկայացումներն անժամկետ հետաձգում է»,- այս մասին ասվում է մայիսի 16-ին թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:
Պատճառն այն է, որ գողացել են Կամերային թատրոնի օդորակիչները: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ի գիշերը:
«Ո՞վ և ինչպե՞ս՝ դեռևս հայտնի չէ, բայց դա շատ է բարդացնում մեր աշխատանքը: Դահլիճում, այն էլ՝ լիքը հանդիսատեսով, հնարավոր չէ ներկայացում խաղալ: Մենք ստիպված ենք ժամանակավոր դադար վերցնել, լուծել բոլոր խնդիրները և վերադառնալ: Մայիսի 20-ից սկսած՝ բոլոր ներկայացումներն անժամկետ հետաձգվում են»,- նշված է թատրոնի էջում:
Քանի որ Կամերային թատրոնը դիմել է Ոստիկանություն, և քննություն է սկսվել, թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք որևէ բան բացահայտվել է, թե՞ ոչ, և ներկայացումները ե՞րբ կվերսկսվեն։
«Ներկայացումների առումով մինչև ամսվա վերջ կփորձենք ինչ-որ լուծում տալ: Իսկ Ոստիկանությունից բացահայտումներ, նորություններ դեռ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Երնջակյանը:
Նրա փոխանցմամբ՝ խոսքը երկու օդորակիչների՝ դրսի «բլոկների» մասին է, որոնք ամրացված են եղել պատերին:
Հետաքրքրվեցինք՝ թատրոնը հնարավորություն ունի՞ նորը ձեռք բերել, թե՞ նաև ԿԳՄՍՆ աջակցությունն է անհրաժեշտ, Կամերային թատրոնի տնօրենը պատասխանեց. «Հիմա փորձում ենք գտնել ճանապարհներ, որպեսզի կարողանանք ձեռք բերել»: