Կենդանաբանական այգու գիտական գծով նոր փոխտնօրենի մրցույթում հաղթող չի եղել, պաշտոնն առաջարկել են մեկ ուրիշի
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կենդանաբանական այգու նոր հաստիքացուցակը ներկայացվել է հաստատման Երևանի քաղաքապետին: Ըստ նոր կառուցվածքի՝ այգին պետք է ունենա երկու փոխտնօրեն, մեկը՝ գիտական գծով: Մայիսի 2-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենի մրցույթը՝ հանձնաժողովի նախագահ, այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդմոնդ Ղազարյանի գլխավորությամբ: Հայտ ներկայացրած երկու թեկնածուներից և ոչ մեկը չի անցել փոխտնօրենի մրցույթի համար սահմանված նվազագույն շեմը: Քանի որ Երևանի կենդանաբանական այգին առանց գիտական գծով փոխտնօրենի երկար ժամանակ չի կարող գործել, ուստի որոշում է կայացվել այգու Կառավարման խորհրդի անդամ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Ասլանյանին առաջարկել և նշանակել Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն:
Կենդանաբանական այգուց 168.am-ին հայտնեցին, որ հանձնաժողովի կազմում եղել են այգու Կառավարման խորհրդի անդամներն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության աշխատակիցները՝ ի դեմս վարչության պետ Գևորգ Նազարյանի:
Մրցույթին մասնակցել են դիմում ներկայացրած երկու թեկնածուներ՝ Մանուկ Մանուկյանը և Հրանտ Դավոյանը, որոնց հանձնաժողովի անդամները հնարավորություն են ունեցել մասնագիտական հարցեր ուղղելու: Մրցույթի տվյալներն ամփոփելով՝ պարզ է դարձել, որ երկու թեկնածուները չեն հատել Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրենի մրցույթի համար սահմանված նվազագույն շեմը, սակայն իրենք, որպես կենդանասերներ և այգու համար սրտացավ մարդիկ, կկարողանան Կենդանաբանական այգում աշխատել այլ հաստիքներով:
Դեռևս փետրվարի 22-ին քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հայտնել էր, որ աուդիտը է անցկացվելու, մեր հարցին՝ թե ինչ ընթացքում է աուդիտը, Կենդանաբանական այգու լրատվական բաժնից պատասխանեցին, որ դեռ չի ավարտվել: