2022թ․ Ֆրանսիայի հրապարակում ակցիայի մասնակիցների թիվը հազարներով գերազանցում է 2018թ․ ակցիայի մասնակիցների թվին

Այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հատվածներում «Դիմադրության» շարժման անդամներն անհնազանդության գործողություններ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում. ոստիկանների կողմից անհամաչափ ու բիրտ ուժի կիրառման մասին հնչեցվում են ահազանգեր, տարածվում են տեսանյութեր:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել է անհնազանդության միջոցառումների վերաբերյալ ԻՔՄ մոնիտորինգի վերջին տվյալները, պարզաբանել հանրահավաքի վերաբերյալ խնդրահարույց մի շարք հարցեր:

Պարոն Իոաննիսյան, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դրվագների վերաբերյալ այս պահի դրությամբ ի՞նչ դիտարկումներ ունեք:

Մենք նկատել ենք դեպքեր, երբ ոստիկանությունն ուժ գործադրելուց առաջ չէր ներկայացնում պահանջ: Այսինքն՝ ըստ էության ընթացակարգը հետևյալն է՝ իրենք պետք է պահանջ ներկայացնեն փողոցի երթևեկելի մասը բացելու և դրանից հետո նոր ուժ գործադրեն կամ չգործադրեն՝ կախված իրավիճակից: Բայց մենք նկատել ենք դեպքեր, երբ նրանք ուժը գործադրում էին՝ առանց պահանջ ներկայացնելու, թեև հիմնականում պահանջ ներկայացվում էր:

Մեր կողմից նկատվել են երկու դեպքեր, որոնք առավել խնդրահարույց էին. մեկը՝ Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների, ենթադրաբար, ծառայության ղեկավարի կողմից լրագրողի նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտման դեպքը և դրա հետ կապված հանցագործության մասին հաղորդումն արդեն վերջնականացնում ենք. լրագրողի հետ կապի մեջ ենք, պատրաստակամություն է հայտնել իրավական ատյաններով գնալ, պայքարել:

Մյուսը վերաբերում է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկներում տեղի ունեցածին, որտեղ մեր կողմից արձանագրվել է քաղաքացու ինքնազգացողության վատթարացում բռնությունների արդյունքներով, բայց ո՛չ կադրերում, ո՛չ էլ տեղում աշխատողները չեն տեսել այդ բռնության դեպքը և չգիտեն՝ բռնությունն ում կողմից է եղել, համաչա՞փ է եղել, անհամաչա՞փ է եղել: Բայց ինքնին մտահոգիչ է, որ քաղաքացին կտրուկ ինքնազգացողության վատթարացում է ունեցել:

Նույն խաչմերուկում ցուցարարին բերման ենթարկելիս մենք նկատել ենք ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառում, որտեղ ոստիկանության ծառայողը բռունցքներով հարվածում էր ցուցարարին: Մեր դիտորդները կարողացել են կադրեր արձանագրել, որոնք բավականին տարածվել են:

Կոնկրետ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի միջադեպին անդրադառնալով՝ կնշե՞ք որքանո՞վ է իրավաչափ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի ներկայությունն այդ ակցիային:

Ընդհանրապես անհասկանալի է՝ իրենք այնտեղ ի՞նչ էին անում,  գործողությունների՞ն էին մասնակցում, թե՞ այդ խաչմերուկում կանգնած էին: Իրենց տեղակայման վայրը հիմնականում այդ խաչմերուկից մի քիչ է այն կողմ: Դուրս էին եկել՝ նայելու, թե գործողության էին մասնակցում. ինչ էլ որ անում էին՝ իրենց արածը քրեական հանցագործություն էր՝ լրագրողի նկատմամբ բռնություն: Դուրս էին եկել կոֆե խմելու, թե ինչի համար՝ արդեն էական չի, իրենց գործողությունները Քրեական օրենսգրքով արգելված են, և դրա արդյունքով պետք է լինի պատշաճ քննություն:

Մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ ոստիկանները պետք է լինեն ճանաչելի, կրեն անհատական համարներ, չպետք է լինեն դիմակավորված՝ մինչդեռ այսօր մենք ականատես եղանք դիմակավորված ոստիկանների գործողությունների:

– Ոստիկանության ծառայողները, առհասարակ, կարող են լինել նաև դիմակով, բայց հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են իրենց հագուստի վրա ունենալ նույնականացնող ինչ-որ բան՝ անհատական համար, կամ համազգեստին փակցված ժետոն: Դիմակի հետ կապված կարգավորումներ այժմ չեմ մտաբերում, որ արգելված լինեն, բայց, դիմակ կա, դիմակ չկա՝ պետք է անհատական համարը լինի հասարակական կարգը պահպանող ոստիկանի համազգեստի վրա, որպեսզի գործողություններից հետո անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի պարզել ոստիկանի ինքնությունը:

Արդյո՞ք դիտարկել եք Հանրային Հեռուստաընկերության լուսաբանման օբյեկտիվությունը:

– 2021 թ. հոկտեմբերից «Իրազեկ Քաղաքացիների միավորում» մեդիամոնիտորինգի ստորաբաժանումը լուծարվել է, միավորվել է Փաստերի ստուգման հարթակին, և որպես այդպիսին՝ առանձին մոնիտորինգ չի իրականացվում. դրա համար կդժվարանամ ճշգրիտ գնահատականներ տալ:

– Որպես 2018 թ. հեղափոխության ակտիվ դիտորդ՝ այն ժամանակ թվային պատկեր էիք ներկայացրել Ֆրանսիայի հրապարակում մասնակիցների թվի մասին. 2018 թ. որքա՞ն էր մասնակիցների պիկը:

4500:

– Այսինքն՝ եթե համեմատենք երեկ արձանագրված պիկի հետ, երեկվա թիվը՝ հազարներով գերազանցում է:

– Եթե այդպես հաշվենք, այո: Այն ժամանակ պատկերը հետևյալն էր. ամենաառաջին օրը, երբ մարզերից եկած քայլերթը Երևան մտավ և ցույց արվեց՝ 4500 էր, այնուհետև պակասում էր մինչև փողոցներ փակելը: Երբ սկսվեց փողոցներ փակելը, քանակն էապես ավելացավ:

ՀԳ Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 1-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն տեղեկացրել էր, որ աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է՝ 16:48-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12,500 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս