Այս պահին երկու տեսանյութերն էլ ուսումնասիրվում են. դատախազության պատասխանն աղմկահարույց տեսանյութերի վերաբերյալ

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում տասնյակ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Տեսանյութն այս պահին ֆեյսբուքն արգելափակել է, սակայն Դանիել Իոաննիսյանը գրել է, որ այս դեպքով հաղորդում են ներկայացնելու հանցագործության մասին։

Ավելի վաղ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում նախ կոպիտ պատասխան է տվել լրագրողին, ապա ոտքով հարվածել MediaHub-ի աշխատակցին, միջադեպին ներկա քաղաքացիներից մեկը միջամտել է և ասել, որ լրագրողն իր գործն է անում, Սարգիս Հովհաննիսյանը հայհոյել է՝ «ասա՝ թող խելոք պահի, բերանը…»:

Հովհաննիսյանից հետ չի մնացել նրան ուղեկցող երիտասարդը, որը ևս հրել է օպերատորին, քաշքշել: Իսկ հարցին, թե՝ ինչո՞ւ եք հարվածում, Սարգիս Հովհաննիսյանն արձագանքել է. «Իրավունք ունի, ասում ա՝ մի նկարի, խոսում եմ»:

Այս երկու տեսանյութերի վերաբերյալ դատախազությունից 168.am-ին պատասխանեցին, որ այս պահին դրանք ուսումնասիրվում են:

Թե ինչ գնահատականի կարժանանա ՊՊԾ պետի խուլիգանական պահվածքը և ոստիկանների կողմից վայրենի պահվածքը խաղաղ ակցիա իրականացնող անձանց նկատմամբ, կիմանանք ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս