Բաժիններ՝

Դոլարի արժեզրկումը բյուջետային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել. Տնտեսագետ

Հայաստանում դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի արժեզրկում է արձանագրվում: Այսօր՝ ապրիլի 27-ին, 1 դոլարի փոխարժեքը տատանվում է՝ 450-454, իսկ վաճառքը՝ 460-463 դրամի միջակայքում: Նկատենք, որ վերջին շրջանում հիմնականում արձանագրվում էր դրամի արժեզրկման միտում. այժմ ականատեսն ենք հակառակ գործընթացի:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այս միտումները պայմանավորեց աշխարհում դոլարի դիրքերի թուլացմամբ:

«Տեսնում ենք, որ պահանջարկը, որպես ռեզերվային արժույթ, ընկել է. այս թվերն արդեն շրջանառվում են: Վերջին 1 տարվա ընթացքում դոլարով վալյուտային ռեզերվները 7 տոկոսով նվազել են, ինչը չափազանց մեծ անկում է և պայմանավորված է նաև չափից դուրս էմիսիայով (որոշակի պահին նոր արժույթի կամ արժեթղթերի՝ շրջանառության մեջ բացթողումն է). պանդեմիայի շրջանից սկսած՝ փաստորեն, գրեթե կրկնակի դոլար է դրվել շրջանառության մեջ, որը, ըստ էության, ապահովված չէ ակտիվներով: Դրա համար մենք տեսնում ենք դրա ակնառու դրսևորումներից մեկը`գնաճը, հենց ԱՄՆ-ում, որ 8-10 տոկոսի սահմաններում է»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետը:

Հայաստանում դոլարի արժեզրկումն Ատոմ Մարգարյանը պայմանավորեց հիմնականում ռուսական ռուբլու՝ որպես վճարամիջոց պահանջարկով:

«Հատկապես արտաքին առևտրային գործարքներում էներգակիրների դիմաց՝ գազ, բենզին, դիզվառելիք, ռուսական ռուբլով վճարման պարագայում, բնական է՝ որպես վճարամիջոց, դոլարի պահանջարկը նվազել է:

Երևի այս տենդենցը, ոչ այսքան մեծ չափով, բայց կշարունակվի:

Եվ ընդհանուր առմամբ, այդ արժույթից մարդկանց սպասումներն են որոշակիորեն նվազել, որովհետև խոշոր առևտուր իրականացնող երկրներն իրենց դոլարային վալյուտային ռեզերվները դիվերսիֆիկացնում են, և Հայաստանը սկզբունքորեն բացառություն չի կարող լինել»,- նշեց նա:

Տնտեսագետն այս միտումների բացասական հետևանքների մասին դիտարկումներ արեց՝ հատկապես հիշեցնելով, որ Բյուջե 2022-ի կանխատեսումների հիմքում դրված է դոլարի՝ 475-478 դրամ փոխարժեքը. «Նշանակում է՝ բյուջետային լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»:

Սակայն, ըստ նրա, էժան դոլարը բարենպաստ պայմաններ է ստեղծում արտաքին պարտքի սպասարկման տեսանկյունից. «Նույնիսկ այս իրավիճակում, կարծում եմ, կառավարությունը պետք է գնա առաջանցիկ տեմպերով պարտքի մարման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս