«Դատախազությունը «վերևում» է՝ բոչկեքը վերև չեն կարող բարձրանալ». Գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անլուրջ է համարում այն խոսակցությունները, թե իր և իրավապահների հարաբերությունները լարված են։
«Դատախազության շփումները կամ հարաբերություններն այլ իրավապահ մարմինների հետ օրենքով հստակ նախատեսված է։ Եթե որոշակի վարքագիծ, որոշակի գործողություն որևէ մեկին դուր չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում ինչ-որ բան ասել, դրանք պարապ զրույցներ են։ Ինչ վերաբերում է «բոչկա գլորելուն», սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ դատախազությունը «վերևում» է, հետևաբար՝ բոչկեքը վերև չեն կարող բարձրանալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և դրա շուրջ պտտվող խոսակցությունների մասին էլ Արթուր Դավթյանը, լրագրողի հարցին ի պատասխան, այս պարզաբանումը տվեց՝ իրավական գործընթաց է, նման հարյուրավորները կան, որոնց մասին չեն խոսում։ Երբ դատախազը ցուցում է տալիս, քննիչն առարկություններ է ներկայացնում, վերադաս դատախազը լուծում է այդ առարկությունը, քննիչը որոշում է կայացնում, դատախազը դա վերացնում է։ Այսինքն՝ դրանք օրենքով նախատեսված շատ բնական աշխատանքային պրոցեսներ են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից մեդալ ստանալու վերաբերյալ լրագրողի հարցին, թե քաղաքակիրթ աշխարհը Պուտինին ագրեսոր է համարում, ինքն ի՞նչ զգացողություններ ուներ ագրեսորից մեդալ ստանալիս, Արթուր Դավթյանը կարճ և, կարելի է ասել, դիվանագիտական պատասխան տվեց, որ Պուտինը Հայաստանի ռազմավարական թիվ մեկ գործընկեր երկրի ղեկավարն է։